Պուտինը մտահոգված է դավադրության կամ հեղաշրջմ...

2026 թվականի մարտի սկզբից Կրեմլն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգված են զգայուն տեղեկատվության արտահոսքով, ինչպես նաև դավադրության կամ հեղաշրջման փորձի ռիսկով։ Այս մասին հայտնում է «Важные истории» պարբերականը՝ հղում անելով Եվրամիության երկրներից մեկի հետախուզության զեկույցին։

Պնդվում է, որ նա, մասնավորապես, զգուշանում է ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից հնարավոր մահափորձի նպատակով անօդաչու թռչող սարքերի կիրառումից։

Այս կապակցությամբ Դաշնային պահպանության ծառայությունը (ԴՊԾ), որի հիմնական խնդիրը ռուսական պետության բարձրաստիճան պաշտոնյաների ֆիզիկական պաշտպանության ապահովումն է, զգալիորեն ուժեղացրել է Վլադիմիր Պուտինի անվտանգության միջոցառումները։

Նշվում է, որ, մասնավորապես՝

• ՌԴ նախագահի վարչակազմում այցելուներն անցնում են ստուգման երկու մակարդակ, ներառյալ՝ ԴՊԾ-ի աշխատակիցների կողմից ամբողջական խուզարկությունը,

• ԴՊԾ-ն էապես կրճատել է այն վայրերի ցանկը, որոնք նախագահը պարբերաբար այցելում է. ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ընտանիքն այլևս չեն լինում Մերձմոսկվայում և Վալդայում գտնվող իրենց նստավայրերում,

• Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Պուտինը հաճախ է բնակվում նորարարացված բունկերներում (մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում), որտեղ կարող է շաբաթներ շարունակ աշխատել, մինչդեռ ռուսական լրատվամիջոցները շարունակում են օգտագործել նախապես պատրաստված տեսանյութերը,

• այս տարի նա չի այցելել ոչ մի ռազմական ենթակառուցվածք․ 2025 թվականին նա հաճախակի էր այցեր կատարում,

• Մոսկվայի առանձին շրջաններում պարբերաբար անջատվում են կապի ցանցերը,

• ԴՊԾ-ի աշխատակիցները լայնածավալ ստուգումներ են անցկացնում կինոլոգիական ստորաբաժանումների կիրառմամբ, ինչպես նաև տեղակայվում են Մոսկվա գետի երկայնքով և պատրաստ են արձագանքել անօդաչու սարքերի հնարավոր հարձակումներին,

• այժմ ԴՊԾ-ն վերահսկում և համաձայնեցնում է նախագահի մասնակցությամբ ցանկացած տեղեկատվական կամ մեդիա հրապարակում՝ հենվելով նախագահի գաղտնի հրամանագրի վրա (երևի թե խոսքը Պուտինի ուղևորությունների և տարբեր միջոցառումներին նրա մասնակցության անոնսների մասին է։ — Ռ. Ա.). 

• Պուտինի կողքին աշխատող աշխատակիցներին այժմ արգելված է օգտվել բջջային հեռախոսներից. նրանք պարտավոր են օգտագործել ինտերնետին հասանելիություն չունեցող սարքեր.

• այդ աշխատակիցներին նաև արգելված է օգտվել հասարակական տրանսպորտից — նրանք տեղաշարժվում են բացառապես ԴՊԾ-ի տրանսպորտով. խոհարարների, լուսանկարիչների և պահպանության աշխատակիցների տներում տեղադրված են հսկողության համակարգեր։

Նշվում է նաև, որ պաշտպանության նախկին նախարար և 2024 թվականի մայիսից Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որը զգալի ազդեցություն ունի ռազմական հրամանատարության մեջ, ասոցացվում է պետական հեղաշրջման փորձի ռիսկի հետ։

«Նրա նախկին առաջին տեղակալի՝ Ռուսլան Ցալիկովի 2026 թվականի մարտի 5-ին ձերբակալությունը դիտարկվում է որպես էլիտաների անվտանգության ոչ ֆորմալ երաշխիքների խախտում, ինչը թուլացնում է Շոյգուի դիրքերը և մեծացնում հավանականությունը, որ նա ինքը կարող է քրեական հետապնդման օբյեկտ դառնալ», - գրում է «Важные новости»-ն։

ՌԴ զինված ուժերի ղեկավարների ֆիզիկական անվտանգության թեման լարվածության աճ է առաջացրել ռուսական ուժային կառույցների ներկայացուցիչների միջև։

«2025 թվականի դեկտեմբերի 22-ին Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովի սպանությունից հետո Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հրավիրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների նիստ՝ իրավիճակը քննարկելու համար։ Սակայն Պուտինը նախապատվությունը տվել է ավելի նեղ կազմով խորհրդակցության անցկացմանը, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ռուս ուժայինների դեմ նոր հարձակման հաջորդ օրը (դա տեղի է ունեցել նույն վայրում, որտեղ տեղի է ունեցել նաև Սարվարովի սպանությունը)», - ասվում է հոդվածում։

Նշվում է, որ այս խորհրդակցության ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչները, այսպես կոչված ուժայինները, «իրար վրա էին բարդում» անվտանգության ապահովման համակարգի թերությունների համար պատասխանատվությունը, որոնք ի հայտ էին եկել ուկրաինական ծառայությունների հարձակումների ֆոնին։ Ընդգծելով, որ այդ հարձակումները վախ և ապակազմակերպվածություն են առաջացնում ՌԴ ԶՈւ շարքերում, Վալերի Գերասիմովը կտրուկ հանդիմանել էհատուկ ծառայություններից իր գործընկերներին՝ դրանք կանխատեսելու անկարողության համար։ Գլխավոր շտաբի պետը նաև դժգոհել է թիկունքում սպաների ֆիզիկական պաշտպանության համար մարդկային ռեսուրսների պակասից և նախագահի ուշադրությունը հրավիրել այդ հարցի վրա։

Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, իր հերթին, արդարացել է՝ ընդգծելով հարձակումների համակարգային կանխարգելման անհնարինությունը։ Նա կշտամբել է ՌԴ պաշտպանության նախարարին այն բանի համար, որ նրա գերատեսչության շրջանակում չկա հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվեր բարձրագույն ղեկավարների ֆիզիկական պաշտպանությամբ (այլ ուժային կառույցների օրինակով)։

Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, իր հերթին, հիշեցրել է, որ իր տրամադրության տակ եղած ռեսուրսները չեն կարող հատկացվել Պաշտպանության նախարարության սպաների պաշտպանությանը։ Նա նաև Գերասիմովին է հասցեագրել ՊՆ սպայական կազմի համար օպերատիվ անվտանգության վերաբերյալ առաջարկությունները, ինչը զայրացրել է Գլխավոր շտաբի պետին։

Այս լարված խորհրդակցության ավարտին Ռուսաստանի նախագահը մասնակիցներին հանգստության կոչ է արել՝ առաջարկելով փոխել քննարկման ձևաչափը։ Նա հանդիպման մասնակիցներին պարտավորեցրել է մեկ շաբաթվա ընթացքում իրեն ուղարկել քննարկված խնդիրների լուծման վերաբերյալ իրենց առաջարկները։

«Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Պուտինը հանդիպել է Դաշնային պահպանության ծառայության (ԴՊԾ) տնօրեն Դմիտրի Կոչնևի հետ, որի առաջնահերթ խնդիրը պետության բարձրագույն ղեկավարների ֆիզիկական անվտանգությունն ապահովելն է։ Որոշվել է փոխել ԴՊԾ-ի ներքին կանոնակարգը՝ ընդլայնելով այդ գերատեսչության կողմից ուժեղացված պաշտպանության տակ գտնվող անձանց ցուցակը։ 

Ավելի վաղ այդպիսի պաշտպանությունը տարածվում էր միայն անձամբ Վալերի Գերասիմովի վրա։ Այժմ ուժեղ պահպանվող անձանց թվին ավելացվել են տասը բարձրաստիճան գեներալներ, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետի երեք տեղակալները։ Վլադիմիր Պուտինի որոշումը, որն ընդունվել է Գլխավոր շտաբի հարցմամբ, ցույց է տալիս Վալերի Գերասիմովի քաղաքական կշիռը, որին հաջողվել է հաջողության հասնել այս «արբիտրաժում», մինչդեռ մյուս ուժային կառույցներին մինչ օրս չի հաջողվել հասնել ԴՊԾ-ի մանդատի ընդլայնմանը՝ իրենց շահերից ելնելով», - գրում է պարբերականը։