Ատելության խոսք տարածելու համար քրեաիրավական...

Այս հարցի հետ կապված, կարծում եմ նաև հրապարակային հաղորդագրությունից պարզ էր, որ ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդման իրականացումն անձի նկատմամբ, իմ կողմից դիտարկվել է որպես մտահոգիչ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով  արցախցի Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդում իրականացնելուն:

Դիտարկմանը՝ թեպետ ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ անընդունելի է միևնույն ժամանակ նաև ասել էիք, թե անթույլատրելի է նաև ատելության խոսք տարածելը, սա երկակի ստանդարտ չէ՞, Մանասյանն ասաց. «Գաղափարն այն է, որ խոսքը կարող է ընկալվել որպես ատելություն կամ լինել ատելության խոսք, բայց քրեաիրավական պատասխանատվություն նման խոսքի համար բացառիկ դեպքերում պետք է կիրառելի լինի, և դա է պատճառը, որ ես դա մտահոգիչ եմ համարել»:

Մանասյանը նշեց, որ միևնույն ժամանակ հստակ արձանագրել է, որ այո, անկախ նրանից, որ ինքը մտահոգիչ է համարում քրեական հետապնդման իրականացումը նման հիմքով, նաև որևէ մեկի կողմից չի կարող արդարացվել վիրավորանքի, ատելության խոսքի տարածումը:

Նշենք, որ Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տեսագրությունը՝ տարածած Ղարիբ Բաբայանի, մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը և ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե Բաբայանի դեմ՝ իշխանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար, հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետև Բաբայանը ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել: