«Մոսկվան պատրաստ է լուրջ բանակցությունների Ու...

«Մոսկվան պատրաստ է լուրջ բանակցությունների Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, սակայն չի շեղվում իր նախորդ դիրքորոշումից», – TASS-ի փոխանցմամբ, այս մասին բրիտանական ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։

«Կասեմ, որ մենք պատրաստ ենք շատ լուրջ զրույցի։ Մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումը և հավատարիմ ենք մնում դրան։ Չեմ կարծում, որ անհրաժեշտ է կրկնել այն», – ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե «արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայի հետ»։

Դեսպանի խոսքով՝ «այժմ շատ բան կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա շաբաթներին և ամիսներին», սակայն Մոսկվան պետք է հասկանա, թե ինչ կքննարկվի ապագա բանակցությունների ընթացքում։

Կելինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ չի լինի որևէ համաձայնության, քանի դեռ Ուկրաինայում չեն անցկացվել նոր նախագահական ընտրություններ։