
Պատերազմների, աղքատության եւ կլիմայական աղետների ֆոնին հարկադիր աշխատանքի պայմաններում հայտնված երեխաների թիվը շարունակում է աճել։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ այժմ ողջ աշխարհում ավելի քան 3,3 միլիոն երեխա ստիպված է աշխատել, հաճախ՝ վտանգավոր եւ ծանր պայմաններում՝ հանքերում, դաշտերում, ֆաբրիկաներում եւ մասնավոր տներում։
Հատկապես տագնապալի իրավիճակ է ստեղծվում այնպիսի երկրներում, ինչպիսին են Բանգլադեշը, Սիրիան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, գրել է Bild-ը։ Հարկադիր աշխատանքի համակարգում հայտնված երեխաների կեսը դառնում է սեքսուալ շահագործման զոհ՝ մարմնավաճառության, մարդկանց առեւտրի եւ հասարակաց տների միջոցով։ Առանձնակի ռիսկի գոտում են առանց ծնողների փախստական երեխաները, հաշմանդամություն ունեցողները եւ մանկատների սաները։
ՄԱԿ տեղեկացմամբ՝ 2005-2022թթ. ավելի քան 105 հազար երեխա բռնի հավաքագրվել է զինված խմբավորումներում։ Նրանց օգտագործում են որպես զինվորներ կամ կենդանի վահաններ։
«Աղջիկներին հաճախ բռնի ամուսնացնում են կամ ենթարկում սեքսուալ բռնության»,- նշել են փորձագետները։
ՄԱԿ թմրանյութերի եւ հանցավորության վարչությունը նախազգուշացրել է, որ եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում յուրաքանչյուր երկրորդ մարդը, որը տուժել է մարդկանց առեւտրից, երեխա է։