
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Մոդել ԵՄ կոնֆերանսի շրջանակում Երևան ժամանած եվրոպական առաջատար մի շարք բուհերի ուսանողների հետ:
Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է օրենսդրի մարմնի կառուցվածքը, խոսել հանձնաժողովներում իրականացվող աշխատանքների, օրենքների նախագծերի մշակման գործընթացի մասին: Միջազգային հարաբերություններում պատգամավորն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը:
Որպես միջխորհրդարանական հանձնաժողովներում, կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ՝ Արուսյակ Ջուլհակյանը կարևորել է միջազգային կառույցներում խորհրդարանական բարեկամական խմբերի հետ իրականացվող աշխատանքը: Նա պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ու խորացման հեռանկարներին: