Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 10-ին կազմակերպել էր «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը» թեմայով աշխատանքային քննարկում:
Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունը, Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանն իր խոսքում կարեւորել է համակարգի ներդրումը՝ նշելով, որ այն պատմական է եւ անհրաժեշտ, ինչն էապես բարելավել է բնակչության կյանքի որակը:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատգամավորներին ներկայացրել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդնելուց հետո 3 ամսվա տվյալները:
Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից սկսած քաղաքացիներն այս համակարգում սպասարկվել են: Եռամսյակի տվյալներով Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 700 հազար քաղաքացի:
«Մեր կանխատեսումներով մոտ 1 մլն 600 հազար քաղաքացի պետք է ունենայինք: Ըստ էության, ավելի շատ են, եւ սա մի քանի հանգամանքի հետ է կապված: Ուրախությամբ պետք է նշեմ, որ ունենք տեղաշարժ մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանցից դեպի 200 հազարից ավելի աշխատավարձ ստացող անձինք: Եվ այս թիվը տասնյակ հազարների մասին է»,- պարզաբանել է Անահիտ Ավանեսյանը:
Ըստ նախարարի՝ 614 հազար 226 շահառու համակարգի շրջանակում արդեն ստացել է տարբեր ծառայություններ: Նրանց մեծ մասը 65+ տարիքի անձինք են:
Բժշկական այդ ծառայություններից օգտված քաղաքացիներից 67.979-ն առաջին անգամ է սպասարկվել պետպատվերի շրջանակում: Նախարարը պարզաբանել է, որ այս թիվը վերաբերում է միայն մարտ ամսին: Փետրվարին այն կազմել է 42 հազար, հունվարին՝ 16 հազար:
Վիրահատվել է 68.000 քաղաքացի, իսկ ամբուլատոր հետազոտությունների թիվը կազմել է 1 մլն 386 հազար: Դեղերի դուրսգրման թիվը եղել է 458 հազար:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված է 2400 ծառայություն, որը լրամշակվելու է՝ ելնելով ստացված տվյալներից: Նախատեսվում է, որ շեշտակի փոփոխություններ չեն լինի: Համակարգի շրջանակում սպասարկվողների 58 տոկոսը եղել են կանայք, 42 տոկոսը՝ տղամարդիկ: 646 հազար շահառու երեխաներից (0-18 տարեկան) համակարգի ծառայություններից օգտվել է 28 տոկոսը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր ակտուարական հաշվարկներն այս երեք ամիսների մասով ցույց են տալիս, որ դրանք ճիշտ են եղել, եւ եռամսյակի արդյունքներով մենք մեր ծախսերի եւ մուտքագրումների առումով բալանսի մեջ ենք: Սա եւս ամենակարեւոր նորություններից եւ փաստերից է»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը ներկայացրել է նաեւ այլ տվյալներ, խոսել անելիքներից եւ առաջիկա ծրագրերից, պատասխանել պատգամավորների հարցերին:
Այս համատեքստում նա նշել է, որ հիվանդանոցային օղակում այսօր արդեն հերթեր չկան, եւ քաղաքացիներն իրենց անհրաժեշտ ծառայությունը կարող են ստանալ 2-3 շաբաթվա ընթացքում:
Նախարարը նաեւ կարեւորել է բժշկական հաստատություններում անհարկի ծառայությունները բացառելու անհրաժեշտությունը:
2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:



