Մենք այսօր անդրադարձ կատարել էինք ՍԴ դատավորի թեկնածուի մասով նախագահ Արմեն Սարգսյանի վրա գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից կիրառվող ճնշումներին։
Մեր հոդվածի հրապարակումից ժամեր անց հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը տեղի է տվել ճնշումներին և ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել նախկին նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի թիմակից, փաստաբան Վահե Գրիգորյանին։
Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանի առաջադրումը բազմաթիվ նոր հարցերի առիթ տվեց։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ ժամանակին Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոնում համարել է ոչ լեգիտիմ․«Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի վերջին վեց տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու ապացույցն է, որի հիման վրա հիմա Ազգային ժողովը զբաղվելու է քաղաքական մաստուրբացիայով՝ իր և մի շարք իշխանական լեգիստների ընկալմամբ պետք է ընտրի Հանրապետության նախագահին:
․․․․Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի և այս չնչին և մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»,-հայտարարել էր Գրիգորյանը։
Վահե Գրիգորյանը վերահաստատել էր իր այս կարծիքը անգամ այն ժամանակ, երբ հոկտեմբեր ամսին առաջին անգամ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացվել էր որպես ՍԴ դատավորի թեկնածու։
Եվ հիմա, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առաջադրում է Վահե Գրիգորյանին, ապա նախագահը առնվազն համաձայն է Վահե Գրիգորյանի հետ՝ իր՝ ոչ լեգիտիմ լինելու մասով։ Բայց ասյ դեպքում էլ ստացվում է՝ Վահե Գրիգորյանը ոչ լեգիտիմ նախագահի կողմից է առաջադրվել, ըստ այդմ նաև՝ իր առաջադրումն ու հնարավոր ընտրվելն է ոչ լեգիտիմ։



