Արևմուտքի կողմից Հայաստանի օգտին և Ադրբեջանի...

Շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը Շվեդիային և Արևմուտքի մնացած երկրներին կոչ է արել հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանին և Բաքվի վարչակարգին հասկացնել, որ չեն ընդունում, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում սեփական բնակչությանն ու հարևան երկրներին: 

Այս մասին պատգամավորը նշել է՝ ելույթ ունենալով Շվեդիայի խորհրդարանում արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենամյա քննարկման ժամանակ։  

Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նա Արևմուտքին կոչ է արել աջակցել Հայաստանին՝ հանուն ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների, ինչպես նաև ավելի ուժեղ Եվրոպայի և ավելի ուժեղ արևմտյան քաղաքակրթության։ 

Շվեդ պատգամավորը իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է բռնապետ՝ ընդգծելով, որ վերջինս ահաբեկում է իր հարևան Հայաստանին։ 

«Այստեղից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա նստած է մի բռնապետ: Բռնապետ, որն ահաբեկում է իր հարևան երկրին, ավելի փոքր դեմոկրատական ​​պետությանը, որն իր հայացքն ուղղել է դեպի Արևմուտք։ Բռնապետն ասում է, որ հարևան երկիրը վերահսկվում է ֆաշիստների կողմից, նա ասում է, որ պետք է ոչնչացնի այս իբր ֆաշիստներին։ Բռնապետը բողոքում է նաև Արևմուտքի ժողովրդավարական պետությունների դեմ, որոնք աջակցում են փոքր հարևան երկրին։ Նա ասում է, որ նրանց օգնությամբ այդ փոքր երկիրը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-իր ելույթում նշել է Հելսբորնը։ 

Ներկայացնելով Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները՝ շվեդ պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար տասնամյակներ եղել են Խորհրդային միության հանրապետություններ, բայց 1990-ականներից արդեն անկախ պետություններ են։  

«Մինչ քրիստոնյա Հայաստանը զարգացել է ժողովրդավարական ուղղությամբ, և այսօր ունի իշխանություն, որն ապագան տեսնում է Արևմուտքի հետ, այլ ոչ թե Պուտինի հետխորհրդային շահերի ոլորտում, մահմեդական Ադրբեջանում ամեն ինչ կտրականապես այլ է: Անկախությունից ի վեր Ադրբեջանը բռնապետություն է, այսօր էլ նախագահ Իլհամ Ալիևի օրոք, որն այդ պաշտոնը ժառանգել է իր հորից: Խորհրդային միության փլուզումից հետո տարածաշրջանը պատուհասել են մի քանի զինված հակամարտություններ, հատկապես Արցախի լեռնային շրջանի շուրջ: Տարածք, որը վաղուց բնակեցված է եղել քրիստոնյա հայերով, որոնք բնական պատճառներով ցանկանում էին լինել Հայաստանի կազմում։ Մի բան, որը չընդունվեց Ադրբեջանի կողմից՝ հղում անելով Իոսիֆ Ստալինի իրականացրած սահմանային գծագրերին»,-նշել է պատգամավորը։  

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահն օգտագործել է Ստալինին՝ իր պնդումներն արդարացնելու համար։ 

Պատգամավորը նաև անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային։  

«Այս պատմության վերջին գլուխը եղավ 2023 թվականի սեպտեմբերին: 9-ամսյա շրջափակումից և հումանիտար տառապանքներից հետո ադրբեջանական բանակը մտավ և վերահսկողության տակ վերցրեց Արցախը: Դրան հաջորդեց էթնիկ զտումը։ Ավելի քան 100,000 հայեր՝ տարածքի բնակչության 99%-ը, վախենալով իրենց կյանքի համար, ստիպված են եղել փախչել և թողնել այն տունը, որտեղ ապրել են սերունդներով: Այդ ժամանակվանից Արցախը դարձել է աշխարհի ամենաքիչ ազատություն ունեցող վայրը՝ ըստ մեծ հեղինակություն վայելող Freedom House-ի: Սև անցք, որտեղ չկա ազատություն, ոչ մի իրավունք կամ մարդկային արժանապատվություն»,-ընդգծել է Էրիկ Հելսբորնը: 

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի բռնապետական կարգավիճակը պայմանավորված է ազատ ընտրությունների բացակայությամբ, ընդդիմության բանտարկությամբ և փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումներով։ Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանում հակահայկական ռասիզմը գրեթե դարձել է պետական ​​գաղափարախոսություն: 

«Սա ոչ միայն այն մասին է, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում հենց հիմա, այլ նաև այն մասին, թե ինչ կարող է լինել ապագայում: Բռնապետ Ալիևը բազմիցս ռազմատենչ հռետորաբանություն է օգտագործում Հայաստանի դեմ։ Նա պահանջում է տարածքներ և Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը նկարագրում է որպես ֆաշիստների, որոնց ցանկանում է արմատախիլ անել: Հերթական պատերազմի վտանգը այնքան էլ հեռու չէ»,-ելույթի ընթացքում ասել է շվեդ պատգամավորը։ 

Նրա դիտարկմամբ՝ արևմտյան երկրների կողմից Հայաստանի օգտին և Ադրբեջանի դեմ հանդես գալն առաջին հերթին բարոյական պարտավորություն է, քանի որ ժողովրդավարական Արևմուտքը միշտ պետք է հանդես գա հանուն ժողովրդավարության և ընդդեմ բարբարոսության։  

«Նրանց համար, որոնք բարոյականությունը բավարար պատճառ չեն համարում, կան նաև լավ ռազմավարական պատճառներ: Հայաստանը վերջին տարիներին հեռացել է Ռուսաստանից և սկսել է գնալ դեպի Եվրոպա։ Բայց ակնհայտ չէ, որ այս լավ զարգացումը կշարունակվի։ Ձայներ կան, որոնք կարծում են, որ քաղաքական կուրսի փոփոխությունը սխալ էր, և ավելի շուտ հակված են դեպի Ռուսաստան։ Կան նաև այնպիսիք, որոնք հարևան երկիր Իրանը տեսնում են որպես անվտանգության ավելի լավ երաշխիք, քան Արևմուտքը»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ ժողովրդավարական Արևմուտքի շահերից է բխում, որ ավելի շատ երկրների կապի իր հետ։