![ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը համաձայնության են եկել հրա...](/imgs/posts/medium/2025/02/b42328d.jpeg)
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի հաջորդ քայլի վերաբերյալ, որի համաձայն՝ երեք պատանդ ազատ կարձակվի առաջիկա շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին: Այս մասին տեղեկանում է Alsharq Al-Awsat պարբերականից։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ միջնորդների հետ բանակցությունները դրական են եղել՝ հաստատելով, որ կպահպանի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը, ներառյալ՝ պատանդների փոխանակումը պաղեստինցի բանտարկյալների հետ սահմանված ժամկետում։
Ըստ հրապարակման՝ Իսրայելը թույլ կտա լրացուցիչ օգնություն տրամադրել Գազայի հատվածին, որը հիմնականում բաղկացած կլինի վրաններից, վառելիքից և բժշկական սարքավորումներից։
Al-Qahira News հեռուստաալիքը հաստատել է, որ Կահիրեին և Դոհային հաջողվել է վերացնել այն խոչընդոտները, որոնք ի հայտ են եկել Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իրականացման ճանապարհին։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ «շարժական տներ տեղափոխող բեռնատարները շարվել են Ռաֆահ անցակետի եգիպտական կողմի դիմաց՝ նախապատրաստվելով Գազայի հատված մուտք գործելուն»։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ «մինչև հետագա ծանուցում» հետաձգում է իսրայելցի պատանդների հանձնումը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմանների «չկատարման»: