![Ալեն Սիմոնյանը սպառնաց, որ կասի ճշմարտություն...](/imgs/posts/featured/2025/02/5d9fb7b.jpeg)
Խորհրդարանում այս շաբաթ անկեղծության գերդոզավորում էր։ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը շատ ուղիղ հայտարարեց, որ իրենց իշխանության է բերել Սերժ Սարգսյանը․ «Տիկին Մկրտչյան դե էդքանը ասել էիք, սաղ ասեիք, որ այդ մեկ մարդը, որը իշխանազավթերին բերեց իշխանության՝ Սերժ Սարգսյանն էր և ՀՀԿ-ն, որի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի համար։ Դե ասում եք՝ սաղ ասեք։ Բա Սերժ Սարգսյանի անունը խի չեք տալիս, որ ասում էր Նիկոլը ճիշտ էր»,-ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը երկրորդ անգամ է նման հայտարարություն անում (առաջին անգամ մի փոքր համեստ տեքստ էր) ու վստահաբար սա բերանից թռած «բլթոց» չէր, այլ շատ գիտակցված հայտարարություն։
Սա Ալեն Սիմոնյանի կողմից պատասխան էր ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի կոշտ ելույթին և կարծես սպառնալիք էր Սերժ Սարգսյանին, որ անհրաժեշտության դեպքում կսկսի սաղ ասել ու անհամ բան կստացվի։ Ալեն Սիմոնյանը լավ է հասկացել, որ Սերժ Սարգսյանի թույլ տեղը 2018 թվականի իշխանահանձնման գործընթացն է, որը հատկապես պատերազմից հետո շատ է հետաքրքրում մարդկանց։ 2018-ի իշխանահանձնման մասին մարդիկ շատ բան են արդեն հասկացել ու հարցեր ունեն Սերժ Սարգսյանին, որոնց պատասխանելուց ամեն կերպ խուսափում է վերջինս։
Պետք է նկատել, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը միայն Սերժ Սարգսյանի համար չէ, որ սպառնալիք է։ 2018 թվականի իշխանահանձնման մյուս գլխավոր դերակատարը Նիկոլ Փաշինյանն է ու մարդիկ նույնչափ հարցեր ունեն հենց իրեն։ Ու պատահական չէր, որ Սիմոնյանի այս հայտարարության հաջորդ օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իր անհանագստությունը թեմայի վերաբերյալ։ Նա շտապեց օգնության հասնել Սերժ Սարգսյանին և հայտարարեց․ «Ես Սերժ Սարգսյանից չեմ ստացել պաշտոնը, Կարեն Կարապետյանից եմ ստացել» ։
Փաշինյանն, ըստ էության, լավ է հասկանում, որ ժողովուրդը ոտնատակ կտա իրեն, երբ հասկանա, որ դարձել է իր և Սերժ Սարգսյանի խաբեության զոհը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է փակել թեման՝ առաջ բերելով վերջին տարիներին Սերժ Սարգսյանի և իր թիմի կողմից դաշտ նետված թեզը, թե իրենք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին չեն տվել, այլ տվել են Կարեն Կարապետյանին։ Այն, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ ներսում և ԱԺ Հանրապետական խմբակցությունում զրոյի ձգտող ազդեցություն ուներ, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ ու նա անգամ ցանկության դեպքում չէր կարող իշխանություն տալ Փաշինյանին։
Պատահական չէր, որ Փաշինյանի լրիվ այլ հարցի առնչվող ելույթը հենց այս դրվագով էին վերնագրել Սերժ Սարգսյանի լրատվամիջոցները։ Եվ Փաշինյանը և Սարգսյանը լավ են հասկանում, որ 2018-ի իշխանահանձնման վերաբերյալ ճշմարտության բացահայտումը սպանիչ կլինի երկու կողմի համար էլ, ուստի այս հարցում իրենք դաշնակիցներ են։ Իսկ թե ի՞նչ է փորձում ստանալ Ալեն Սիմոնյանը այս հարցը ԱԺ ամբիոնից բարձրաձայնելով՝ ցույց կտա ժամանակը։