![«Պուտինը պետք է հասկանա, որ այլեւս չի կարողան...](/imgs/posts/medium/2025/02/70a551e.jpeg)
Պուտինը պետք է հասկանա, որ այլեւս չի կարողանա գրավել Ուկրաինայի ոչ մի կտոր։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։ Նա խոստովանել է, որ երեկ «շատ բան» է տեղի ունեցել։ Մեկնաբանելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի երեկվա հայտարարություններն այն մասին, որ անիրատեսական է վերադարձնել Ուկրաինայի կորցրած հողերը, Ռյութեն նախընտրել է կենտրոնանալ «տեւական խաղաղության» անհրաժեշտության վրա, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը։«Պուտինը պետք է հասկանա, որ սա վերջն է։ Որ նա այլեւս չի կարողանա գրավել Ուկրաինայի ոչ մի կտոր»,- ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։ Ինչպես եւ մյուս պաշտոնյաները, Ռյութեն նշել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինային դնել Կիեւի համար բարենպաստ դիրքում: Նա չի հստակեցրել, թե ինչ կարող է լինել այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով Հեգսեթի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։Հարցին, թե արդյոք Պուտինի եւ Թրամփի զրույցը կարելի է համարել խաղաղ բանակցությունների սկիզբ, նա պատասխանել է, որ «զանգը, ըստ երեւույթին, հաջող էր»։ Լրագրողներից մեկը Ռյութեին ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում, կարծես Ուկրաինային «դավաճանության» սկիզբ լինի: Ռյութեն չի համաձայնել այս գնահատականին։ Նա հիշեցրել է, որ Թրամփը երեկ խոսել է ոչ միայն Պուտինի, այլեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։BBC-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ պաշտպանության նախարարի հռետորաբանությունը կարող է վնասել դաշինքին, նա պատասխանել է. «Հեգսեթի ելույթը եւ Վաշինգտոնից ստացված լուրերը հավանաբար կարեւոր հայտարարություններ էին: Բայց սա այն է, թե ինչպես պետք է աշխատի դաշինքը։ Մենք ժողովրդավարական երկրների դաշինք ենք, եւ պետք է բանավեճեր ունենանք»։