Այն ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ իրականացնում է Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը:
«Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության ուղերձն առ այն, որ այդպես են վարվելու եթե կարողանան տիրանալ ամբողջ Արցախին: Հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի այդ գործողությունները՝ ֆաշիստական քաղաքականության շարունակությունն ու մարմնավորումն են՝ գարշելի ու վտանգավոր ձևերով: Ադրբեջանցիների այդ գործողությունները ոչնչով չեն տարբերվում նրանից, ինչը Մերձավոր Արևելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները: Տարբերությունը՝ ավելի վատ ու վտանգավոր, այն է միայն, որ եթե Մերձավոր Արևելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ, ապա ադրբեջանցիների դեպքում, այդ գործողություններն իրականացվում են պետության կողմից: Ալիևը բացեիբաց, առանց ամաչելու և անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տալիս՝ օրինակ` հայկական եկեղեցու փորագրությունները ոչնչացնելու վերաբերյալ»,-ասաց Բաբայանը:



