Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզում Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների կողմերի միջև եղել է նաև զինված բախում, որը սակայն այս պահին դադարեցված է ու բանակցություններ են գնում։
Այսօր առավոտյան կասկածելի միջադեպ է տեղի ունեցել նաև Արարատի մարզի սահմանային հատվածում։ Ինչպես տեղեկացնում են մարզի բնակիչները, վաղ առավոտից ռուս սահմանապահները թույլ չեն տալիս գյուղացիներին գնալ սահմանակից հողակտորներ։ Գյուղացիներին տեղեկացրել են, որ Թուրքիայից 8 զինված անձ է սահմանը խախտել և հնարավոր է վտանգավոր իրավիճակ լինի։
Հավանական է, որ Հայաստանի սահմանը հատած անձիք լինեն ազգությամբ քրդեր, որոնք երկար տարիներ զինված պայքար են տանում Թուրքիայի դեմ։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հաճախ է եղել, որ քուրդ զինյալները թուրք զինվորականների հետապնդումից խուսափելու համար պետական սահմանը հատելու փորձեր են արել։
Տեղեկատվության ստուգման համար փորձեցինք կապ հաստատել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությայն հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։



