Այո, 2020 թվականի պատերազմում պարտվել ենք (պատճառները հազար անգամ քննարկվել են ու դեռ կքննարկվեն), բայց, այն, ինչ հիմա անում են Փաշինյանն ու Ալիևը` ոչ մի կապ չունեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ։
Հայ ժողովրդին որբ ներկայացնող Փաշինյանն ու իր կիրթ ու կառուցողական ընկեր Ալիևը շարունակական նվաստացման քաղաքականությամբ միայն նոր պատերազմի հիմքերն են գցում։
Անթույլատրելի է հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի հետ այս կերպ վարվելը։ Սա նման է տևական ժամանակ զսպանակի սեղմմանը։ Այն անվերջ շարունակվել չի կարող, բայց երբ ժամանակը գա հետ բացվելու, ապա դրանից շատերն են տուժելու, այն առաջին հերթին կոտրելու է իրեն սեղմողների քիթումռութը, իսկ հետո կտուժեն ովքեր նրանց կողքին կանգնած են։
Առանց ԱՐԴԱՐ խաղաղության տարածաշրջանը հանգիստ չի ունենալու։ Մի օր հայ ժողովուրդը պայթելու է ու այդ ժամանակ ոչ զոհերի քանակն է պայթյունը կանգնեցնելու, ոչ ավերածությունները։
Փաշինյանը նվաստացած պարտության և հավերժական ստորացման ապահովողն է, իսկ մեզ ԱՐԴԱՐ խաղաղություն է պետք։ Պետք է անկեղծ լինել ու ասել, որ ԱՐԴԱՐ խաղաղությունը մեզանից շատ պետք է Ադրբեջանին և մեր մյուս հարևաններին։ Ժամանակը հաստատ նրանց օգտին չի աշխատում։ Մի օր ամեն բան մի կողմ կդրվի։
Մի օր էլ կորցնելու բան չենք ունենալու։
Բորիս Մուրազի
Politik.am-ի խմբագիր