Ինչ գործարք էին կնքել Միքայել Մինասյանն ու Փա...

Ոմանց զարմացնում է այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանին 8 տարի ֆինանսավորած Միքայել Մինասյանը հիմա գործարքի է գնացել ազգադավ այս իշխանության հետ, և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավը հենց այդ գործարքի արդյունք է։ Նկատենք, որ սա Միքայել Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի ոչ առաջին գործարքն է, ոչ էլ՝ հաստատ վերջինը։

2020 թվականին, օրինակ, Նիկոլ Փաշինյանի պահանջով Միքայել Մինասյանը եթերազրկեց Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը, որը հեռարձակվում էր «Արմնյուզ» հեռուստաընկերությունում։ Այդ ժամանակ այն եզակի հաղորդումներից էր, որտեղ ազատ կարելի էր Փաշինյանին քննադատել։ Հաղորդումը բավական վարկանիշ ուներ, և Նիկոլ Փաշինյանին դա խիստ դուր չէր գալիս։

Մեկ տարի անց՝ 2021 թվականին, Միքայել Մինասյանի և Նիկոլ Փաշինյանի գործարքի արդյունքում ամբողջությամբ փակվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։ Հիշեցնենք, որ այս հեռուստաընկերությունը ահռելի լսարան ուներ և պատերազմից հետո անհանգստություն էր պատճառում իշխանություններին։ Նույն գործարքի արդյունքում Միքայել Մինասյանը դադարեցրեց իր մի շարք այլ լրատվականների և տելեգրամ ալիքների գործունեությունը։ Այս գործարքի արդյունքում Մինասյանը ստացել էր երաշխիք, որ իր գույքն ու հարյուր միլիոնավոր դոլարները չեն բռնագանձվելու։

Հանրությունը պետք է գիտակցի, որ Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը գտնվում են աշխարհաքաղաքական նույն տանիքի տակ։ Նրանք կարող են իրար քննադատել, բայց թշնամու դեպքում միավորվում են։ Քոչարյանը այս երկուսի համար հենց ընդհանուր թշնամին է, ում դեմ միավորել են իրենց ջանքերը դեռ հեռավոր 2000-ականների սկզբից։