Ապամոնտաժված բենզալցակայանների գոյության համա...

Բենզալցակայանների ապամոնտաժման պատմությունն էլ է հետաքրքիր, որովհետև դրանք այն դեպքերն են, երբ այդ բենզալցակայանի գոյության համար ոչ մի իրավական հիմնավորում չկար:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ապամոնտաժված բենզալցակայանների մեծ մասի դեպքում ո՛չ թույլտվություն, ո՛չ նախագիծ չի եղել, ուղղակի բենզալակայան է գոյացել ու այս տարիներին առանց «օֆ» անելու աշխատել են: Ու շատերն այսօր էլ կան, այնպես չէ, որ բոլորը հայտնաբերել ենք: Պետք է հետևողական լինենք, որովհետև տնտեսական մրցակցության հարց էլ կա: Մեկը ծախս է արել, նախագիծ, թույլտվություն և այլն, այն մյուսը ոչինչ չի արել», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ հանրության շրջանում հաճախ են քննարկվում օրենքի տարբեր դրույթների՝ չգործելու պարագայում դրանք չեղյալ հայտարարելու հարցերը:

«Մեր իրականության մեջ շատ է քննարկվում շահարկվում մի հանգամանք. ասում են՝ այ օրենքով այդպես է, բայց իրականության մեջ երևույթը շարունակում է գոյություն ունենալ: Փորձ է արվում հիմնավորել, որ կամ օրենքի այդ դրույթն այդքան էլ նպատակահարմար չէ: Ես դրան ի պատասխան միշտ բերում եմ հետևյալ օրինակը, որ երկրում հաստատված երթևեկության կանոններ կան, բայց ամեն օր այդ կանոնները խախտվում են, գնանք չեղարկենք այդ կանոնները: Բերվում է նաև բացօթյա սրճարաններում ծխելու օրինակը, ասում են՝ օրենքն ընդունեցին, մարդիկ ծխում են, երևի այդքան էլ լավ օրենք չի, եկեք չեղյալ համարենք: Ես էլ ասում եմ Քրեական օրենսգիրք կա երկրում, բայց ամեն օր մարդիկ գողություն են անում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ պետք է հետևողական լինել մշակած քաղաքականությունների իրագործման հարցում:

«Հակածխախոտային օրենքի հիմնական նպատակը ծխողի համար դիսկոմֆորտ ստեղծելն է: Մարդը, եթե նույնիսկ ծխում է բացօթյա սրճարանում, գիտի, որ կարող է գան իրեն բռնեն, տուգանեն»,- ասաց նա: