
Օրերս մամուլը գրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ չի կայանա։ Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ գարնանը պաշտոնական այցով կլինի ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Մամուլի այս հրապարակումներից հետո վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ այցը չի հետաձգվել, բայց միևնույն ժամանակ այցի կոնկրետ օր չէր նշել։
Ինչու չի կայանում Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան։ Արդյոք պատճառը կորոնավիրուսային համավարակն է, թե կան այլ, ավելի խորքային խնդիրներ։ Դեռ կորոնավիրուսի բռնկումից առաջ արդեն այցը հետաձգվել էր։ Ինչ է ուզում հասկացնել դրանով Մոսկվան Երեւանին։ Այս եւ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի շուրջ Politik.am-ը զրուցել է միջազգային հարաբերությունների փորձագետ, դիվանագետ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանի հետ։
Պարոն Պապյան, ինչպես գիտեք, ամիսներ առաջ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գնալու է Մոսկվա։ Հետո եղան հրապարակումներ, որ այցը հետաձգվել է։ Ըստ էության այցը պետք է կայանար այս տարվա ապրիլին, սակայն մինչեւ այս պահը կոնկրետացված չէ, թե այցը որ օրը պետք է տեղի ունենա։ Իրավիճակն ինչ խոսք անսովոր է։ Որպես միջազգային հարաբերությունների մասնագետ եւ փորձառու դիվանագետ, ինչպես եք գնահատում այդ հետաձգումը, ինչ մեսիջներ կարող է այն պարունակել, եւ արդյոք Հայաստանը պետք է ձգտի, որ երկրի ղեկավարի այս այցը անպայման տեղի ունենա։
-Նախ մենք պետք է ընդունենք, որ ներկայումս խիստ առանձնահատուկ իրավիճակ է։ միջպետական հարաբերությունների մեջ, ինչպես նաեւ ներպետական։ Կորոնավիրուսը շատ-շատ բան է փոխել իհարկե, եւ ամենայն հավանականությամբ, մինչեւ իսկ մայիսի 9-ին նախատեսված շքերթը, որին երկար-երկար պատրաստվում էր Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը շատ շահագրգռված էր եւ շատերին պիտի հրավիրեին, անգամ դա է չեղարկվելու։ Հետեւաբար կոնկրետ այս չմեկնելը, որը լրիվ հիմքեր ունի կապված կորոնավիրուսի հետ, միայն դրական եմ համարում։ Հարց․ Լուրերը, որոնք գրվեցին, թե հանդիպումը հետաձգվել է կամ չի կայանալու, կորոնավիրուսից առաջ էին։ Պատասխան․ Ահա, իսկ եթե համարենք, որ այդ լուրերը, կամ ըստ լուրերի խոսակցությունները, որ այցի հետաձգման մասին ավելի վաղուց են եղել, քան կորոնավիրուսի մասին հրապարակումները, կամ դրա հարցի սաստկացումը, եթե այդ ամբողջը ճիշտ է, որը շատ հավանական է, որ իրականություն լինի, ապա դա պարզապես ցույց է տալիս, որ կան որոշ խնդիրներ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ եւ դրանք կան։ Ես, եթե իմ նախկին հարցազրույցներն էլ նայեք, մշտապես ասել եմ, հիմա էլ եմ ասում, որ անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինչ քաղաքականություն կիրականացնի Ռուսաստանի հանդեպ, իսկ ինքը Ռուսաստանի հանդեպ իրականացնում է շատ ավելի պրո-ռուսական քաղաքականություն, քան նախորդ իշխանությունները, միեւնույնն է, ինքը ընդունելի չի լինի ռուսական ղեկավարության համար, այն եղանակի կամ ճանապարհի պատճառով, որով ինքը եկել է իշխանության։
Արդյոք դրա պատճառը նաեւ իր նախկին հայտարարությունները չեն, օրինակ ԵԱՏՄ մասով, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասով։
-Ոչ, որովհետեւ ինքը վաղուց հետ է կանգնել, եւ խնդիր չկա այսինքն։ Դա էական չէ։ Բայց ինքը չի կարող հետ կանգնի թե ոնց է եկել իշխանություն՝ ոնց ուզում եք անվանեք, հեղափոխական ճանապարհով, կամ ոնց ռուսներն են ասում՝ «փողոցից եկածի» ճանապարհով։ Պուտինն անձամբ չի կարող նախադեպ ստեղծի Ռուսաստանի համար։ Հարց․ Դե հիմա կարծեք թե Պուտինի համար էլ ներռուսաստանյան մակարդակում բարդ ժամանակներ են։ Պատասխան․ Դե երբ որ Հայաստանում այդ իրադարձությունները տեղի էին ունենում, հիշենք, որ Ռուսաստանում կարգախոսներից մեկը այսպիսին էր՝ «Ուզում ենք ինչպես Հայաստանում» եւ այն ժամանակ շատերը մտածում էին, եւ առ այսօր մտածում են, որ եթե դա հնարավոր է արվի Հայաստանում, իսկ հայերի հանդեպ կա մեծապետական վերաբերմունք, հետեւաբար, եթե կարող են դա անել ինչ որ «արմյաշկեքը», ապա ինչու չեն կարող անեն ռուսները։ Դրա համար սա ինքնին պետք է նկատի ունենալ։ Հետո այստեղ կա հոգեբանական պահ։ Շատերս մոռանում ենք, թե Պուտինը որտեղից է գալիս։ Ի վերջո Պուտինը սովետական ՊԱԿ-ի պրոդուկտ է, այդ գաղափարներով հագեցած, ինքն է ընտրել իր ուղին, եւ մնացել է հավատարիմ էդ գաղափարներին։ Նրա համար՝ մարդիկ ինչ որ դուրս գան փողոց, ինչ որ իշխանության փոփոխություն պահանջեն կամ փոխեն, դա լրիվ անընդունելի է։ Հետեւաբար այստեղ, այսպես ասենք, ոչ թե միջպետական հարաբերությունների խնդիր է, ես չեմ կարծում, թե մենք միջպետական հարաբերությունների խնդիր ունենք, էստեղ կամ զուտ միջանձնային առումով է խնդիր այն առումով, որ Ռուսաստանի ղեկավարության համար Հայաստանում տեղի ունեցածը ընդունելի չէ եւ մենք դա տեսել ենք բազմաթիվ մերձկրեմլյան շրջանակների հայտարարությունների մեջ։
Այցի հետաձգման քննարկումներից մեկի ժամանակ փորձագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել էր, որ հետաձգումը գուցե այն պատճառով է եղել, քանի որ բանակցություններ կան ինչ-ինչ պայմանագրերի կնքման հետ կապված։ Ձեր կարծիքով ինչպիսի պայմանագրերի մասին է խոսքը, որոնք այդքան բարդ բանակցություններ են պահանջում եւ արդյոք մենք կարող ենք ակնկալել, որ հայկական կողմից նորից զիջումներ կլինեն, ոնց որ նախկին իշխանությունների ժամանակ է եղել, որոնք ասենք ենթակառուցվածքների տեսքով էին կամ ԵԱՏՄ մտնելու տեսքով են։ Ի վերջո կարող ենք ակնկալել, որ այս իշխանությունները նույնպես կարեւոր զիջումների կարող են գնալ, հատկապես, որ խոսակցություններ գնում էին այդ մասին եւ քաղաքագիտական շրջանակները քննարկում են, որ աշնանն ինչ որ փաստաթուղթ է պատրաստվում նաեւ ռազմաբազայի մասով, օրինակ ժամկետների երկարաձգման հետ կապված պայմանագրի մասին էր խոսք գնում։ Ձեր գնահատականով կարո՞ղ են նման պայմանագրեր պատրաստվեն։
-Տեսեք, դուք որ հարցը տալիս էիք, ես ուզում էի մտածել ու հասկանալ, թե իսկ ինչ է մնացել, որ մենք չենք զիջել Ռուսաստանին եւ զիջենք, որովհետեւ ինչ որ զիջելու էր զիջել ենք։ Մենք զիջել ենք բոլոր ստրատեգիական, տնտեսական ուղղությունները, մենք զիջել ենք քաղաքական ուղղությունները, ռազմաբազայի մասին վերջին պայմանագրով ժամկետը մինչեւ 2049 թիվն է։ Մինչեւ 2049 թվականի համար դեռ բավական ժամանակ կա եւ չեմ կարծում, որ Ռուսաստանի համար էդքան հրատապ է, որովհետեւ եթե նայենք իրականությանը, ենթադրենք ստորագրեցին եւ հինգ տարի հետո Հայաստանում կամ Ռուսաստանում եղավ արմատական փոփոխություն, ապա հանգիստ կարելի է չեղարկել այդ պայմանագիրը։ Ի վերջո այդ պայմանագրերը ինչ որ հավերժ չեն եւ իրավիճակը փոխվում է, պայմանագրերն էլ կարող են փոխվել։ Չէ, սա չէ խնդիրը։ Էն ինչի մասին դուք խոսեցիք, եւ մեջբերեցիք նաեւ Տարասովին, նախ հասկանանք, թե ինչի մասին է խոսում Տարասովը եւ էդ շրջանակը ռուսական, վերջին շրջանում հիմնականում։ Դա հիմնականում Արցախի հարցն է եւ Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման հարցը, որն արդեն ուղղակի չի ասվում այլ անուղղակի։ Ընդ որում Տարասովի վերջին հիմնավորումն այնքան անհեթեթ էր, որ նույնիսկ մի երկու շաբաթ առաջ իր հարցազրույցներին մեկում ասել էր, թե Իրանի սահմանին պետք է կանգնեցնել ռուս խաղաղապահներ, այսինքն Արցախում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Հարցին պետք է նայել այն տեսակետից, թե ինչ շահ ունի Ռուսաստանը Հարավային Կովկասում։ Հայաստանի հետ, որպես պետություն, Ռուսաստանը խնդիր չունի։ Անձամբ Փաշինյանի հետ Պուտինն ունի խնդիր, դա անձնական հարց է , բայց պետությունը պետության հետ խնդիր չունի։
Արա Պապյանի հետ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասով հարցազրույցը կհրապարակենք վաղը