Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգինե...

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞ւր եք Երկրի համապատասխան կառույցներ, որտե՞ղ եք պետական ներկա ու նախկին գործիչներ, պատգամավորներ և մնացյալ հանգամանավոր անձեր... Մի՞թե այդքան կույր եք և այդքան խուլ: Մի՞թե այդքան նվաստ եք, այդքան վաճառված հոգիներ, որ Ձեր նենգ խաղերի սլաքներն ուղղում եք Սուրբ Եկեղեցուն և Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչ է, ժողովրդին բախմա՞ն եք տանում: Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել...

Լսեցեք և կանգ առեք, ապիկարներ, ոչ մի եկեղեցական՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, երբեք ձեզ թույլ չի տա պիղծ ձեռքերով ու անձերով Սուրբ Էջմիածնի և նրա Ազգընտիր ու Աստվածարյալ Հայրապետի վրա սուր բարձրացնել:

Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»։

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։

Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որեւէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։