Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կկառուցվի

Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքին նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: 

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: 

Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել:

«Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք թունելը, քանի որ այն իսկապես նորոգման կարիք ունի: Այդ դեպքում դրան գումարվում էր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհը միջպետական ստանդարտների բերելը, որը լրացուցիչ ծախս է ենթադրում պետական բյուջեի համար»,-ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ դա իր հերթին կարճաժամկետ էր լինելու:

Նախարարը նշեց՝ թունելի հիմնանորոգման և Սեմյոնովկայի ճանապարհի՝ միջպետական ստանդարտներին համապատասխանեցնելը նույն ֆինանսական հետևանքն էր առաջացնելու բյուջեի համար, ինչ նոր թունելի կառուցումը:

«Եվ մենք այս պահին արդեն որոշում ունենք: Դիլիջանի թունելի անմիջապես կողքին նոր թունելի կառուցման նախագծի վրա ենք աշխատում այս պահին: Առաջիկայում հստակություն կունենանք, թե կոնկրետ որ հատվածով կանցնի թունելը»,-ասաց Խուդաթյանը:

Նա վստահեցրեց՝ դրան զուգահեռ թունելը հիմա ընթացիկ նորոգման կենթարկվի, ինչը թույլ կտա երթևեկը պահպանել այնքան, մինչև նոր թունելի կառուցման և շահագործման հանձնելը: Դրանից հետո գոյություն ունեցող թունելը կմնա որպես երկորրդ թունել՝ վթարային իրավիճակների համար: Անվտանգության մակարդակը, նախարարի խոսքով, էականորեն կբարձրանա: