
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում կհստակեցվի դրա մոդելը՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի էներգահամակարգի առանձնահատկությունները, այնպես էլ հզորության և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում են աշխարհում գործող միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում՝ մոդուլային ռեակտորների ուսումնասիրությունները։ Այդ նպատակով նախորդ տարի կառավարությունը հիմնել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը, որն այս պահին գտնվում է կադրային համալրման փուլում»,-նշեց նախարարը։
Նա ընդգծեց, որ շարունակվում են նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի մինչև 2026 թվականը երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։