
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պաշտոնից ազատվելուց հետո ուներ բոլոր հնարավորությունները դառնալու Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսը։ 2019-ին նա հեռացավ պաշտոնից՝ ուղեկցվելով հստակ քաղաքական ուղերձով, իսկ արդեն 2020-ի գարնանը հիմնեց «Հայրենիք» կուսակցությունը՝ ընդդիմադիր դիրքավորումով։ Սակայն պատերազմը և հետպատերազմյան ցնցումները ձգեցին գիծ՝ նրա քաղաքական կայացման հնարավորության տակ։
2020-ի աղետալի պատերազմից հետո ընդդիմադիր դաշտը վերաձևավորվեց, առաջին պլան անցան նախկին նախագահները և ՀՅԴ-ն։ Այս շրջապտույտում Վանեցյանն ուներ և՛ ակտիվ դերակատարություն, և՛ գրեթե լիակատար ճանաչելիություն։ Բայց քաղաքական նորեկ լինելը, անփորձությունը և տարբեր բևեռների հանդեպ ունեցած հակասական ընկալումները թույլ չտվեցին նրան ամրապնդվել։ Ընդդիմադիր ճամբարում իր դիրքը խոցելի էր նաև այն պատճառով, որ նա նախկինում ղեկավարել էր նույն ԱԱԾ-ն, որը Փաշինյանի օրոք հետապնդում էր հենց այդ նույն ընդդիմադիր դաշտի առաջնորդներին։ Հասարակությունը նրան տեսնում էր «ոչ այն կողմի» խաղացող։
Իշխանությունների հետապնդման տակ գտնվող նախկին պաշտոնյաների կողքին կանգնելը դարձավ իշխանական քարոզչության՝ Վանեցյանին թիրախավորելու հարմար պատուհան։ Նա հայտնվեց գծի երկու կողմերում՝ և՛ նախկինների հետ, և՛ նախկիններին հետապնդած կառույցի առաջնորդի կարգավիճակում։ Ամբողջ այս հակասությունն էլ ձևավորեց անվստահության պատը։
2021-ի արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելը և Սերժ Սարգսյանին քարոզարշավում հիմնական դեր տալը Վանեցյանին դրեց նախկինների դաշտում։ Եվ նույնիսկ եթե որոշ գնահատականներ չափազանցված էին, Վանեցյանը սեփական որոշումներով այդ ընկալումները լեգիտիմացրեց։ Նա կորցրեց քաղաքական սուվերենությունը՝ ընկալվելով ոչ թե որպես առանձին ֆիգուր, այլ որպես Սերժ Սարգսյանի մարդ։
2022 թվականին «Դիմադրության» շարժման ձախողումից հետո Վանեցյանն իջավ քաղաքական առաջին գծից։ Նա դուրս եկավ խորհրդարանից ու երկար ժամանակ լռեց՝ կարծես վերաիմաստավորելով սեփական քաղաքական դերն ու տեղը։ Սակայն նրա վերադարձին կրկին ուղեկցեցին Սերժ Սարգսյանի հետ կապերի մասին խոսակցությունները։ Դա հատկապես սրվեց, երբ իմպիչմենտի գործընթացում, որը նախաձեռնվել էր երրորդ նախագահի մերձավոր շրջանակի կողմից, հաճախ հիշատակվեց Վանեցյանի անունը։ Հանրային ընկալման մեջ դա վերածվեց կասկածի՝ կրկին մասնակցու՞մ է Սարգսյանի խաղին։
Մամուլի շրջանառած տեղեկությունների համաձայն՝ Վանեցյանին առաջարկվել է դառնալ իմպիչմենտի թեկնածու։ Եթե նա համաձայներ, ապա 2026-ի ընտրություններից առաջ միանշանակ կբետոներ իր քաղաքական անկախության կորուստը։ Այս սցենարը կարող էր վերջ դնել Վանեցյանի՝ որպես ինքնուրույն խաղացողի ցանկացած հավակնությանը։
Բայց Վանեցյանն այս անգամ ընտրեց հրաժարվելու և դուրս գալու ուղին։ Նա չգնաց այսրոպեական շահի հետևից, և ըստ էության՝ խզեց կապը Սերժ Սարգսյանի գծած քաղաքական մատրիցայի հետ։ Եթե հաշվի առնենք նաև այն, որ նա հայտարարել է ընտրություններին ինքնուրույն մասնակցելու մտադրության մասին, ապա պարզ է դառնում՝ Վանեցյանը փորձում է ամրապնդել սեփական քաղաքական դիրքերը՝ առանց հին խնամակալների թելադրանքի։
Իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել, սակայն Վանեցյանը բացել է հնարավորության դուռը։ Այժմ մնում է վերջնականորեն հատել սահմանը, փակել նախկինների հետ նույնականացվելու էջը և հաստատվել՝ որպես սուվերեն քաղաքական դերակատար նոր իրականության մեջ։
Բորիս Մուրազի
Politik.am-ի խմբագիր