ԱՄՆ-ը Մադուրոյին ներում է առաջարկել Վենեսուել...

Սպիտակ տունը գաղտնի բանակցությունների ընթացքում առաջարկել է Նիկոլաս Մադուրոյին ինքնակամ հրաժարվել Վեենսուելայի նախագահի պաշտոնից ներման դիմաց, տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։

ԱՄՆ-ում Մադուրոյին եւ նրա բարձրաստիճան համախոհներին ներկայացված է թմրաթրաֆիկին մասնակցության եւ, մասնավորապես, ԱՄՆ տարածք կոկաին ներմուծելու մեղադրանք, հիշեցնում է DW-ն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, WSJ-ի աղբյուրների տեղեկացմամբ, նույնպես խոստացել է Մադուրոյին երաշխիքներ տրամադրել արտահանձնման նպատակով հետապնդումների դեմ։ Բացի այդ, թերթի զրուցակիցները պատմել են, որ ԱՄՆ-ն առաջարկել է Մադուրոյին ներում նույն պայմաններով դեռ 2023թ. Դոհայում ընթացող գաղտնի բանակցություններում։ Սակայն այն ժամանակ Վենեսուելայի նախագահը հրաժարվել էր քննարկել իշխանությունից վաղաժամ հրաժարվելու պայմանները, եւ այդ ժամանակվանից նրա դիրքորոշումը չի փոխվել։

Ավելի վաղ Մադուրոն խնդրել էր ԱՄՆ-ին «չմիջամտել Վենեսուելայի ներքին գործերին»՝ նշելով, որ բաց է բանակցությունների համար Վաշինգտոնի հետ, եթե վերջինը իր հանդեպ հարգանք ցուցաբերի։