ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել փորձել վերադարձնե...

ԱՄՆ-ը Չինաստանին Ռուսաստան հյուսիսկորեական զորքի ուղարկման հետ կապված իրավիճակին միջամտելու եւ այն բանին հասնելու կոչ է արել, որ Հյուսիսային Կորեան վերադարձնի իր զինվորներին, CNN-ին պատմել են ամերիկացի պաշտոնյաները։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հանձնարարել է համոզել այլ երկրներին՝ դիմել Պեկինին նման կոչով։

«Մենք կապվել ենք Չինաստանի հետ այս հարցով, որպեսզի հասկացնենք, որ մենք անհանգստացած ենք դրանով, եւ որ նրանք պետք է անհանգստանան երկու հարեւանների՝ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ապակայունացնող գործողություններով»,- նշել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Սակայն, ինչպես նշել են CNN-ի աղբյուրները, Վաշինգտոնում «լավատեսորեն չեն տրամադրված» այն առիթով, որ Չինաստանը կազդի Հյուսիսային Կորեայի վրա այս հարցում։ ՆԱՏՕ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Պեկինը նախկինի պես օգնում է Մոսկվային եւ ռուսական ռազմական արդյունաբերությանը մատակարարում երկակի նշանակության ապրանքներով, այդ թվում միկրոէլեկտրոնիկայով եւ հաստոցներով, որոնք անհրաժեշտ են զենք ստեղծելու համար։

ԱՄՆ վերջին գնահատականի համաձայն՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մոտ 10 հազար զինվորական մարտական գործողություններին մասնակցելու համար։ CNN-ի աղբյուրները կարծում են, որ հյուսիսկորեացի զինվորականների մի մասն արդեն կարող է գտնվել Ուկրաինայի տարածքում։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ մոտ 3 հազար հյուսիսկորեացի զինծառայող գտնվում է Կուրսկի մարզում, ռուս-ուկրաինական սահմանից 50 կիլոմետրի վրա։

Ավելի ավաղ Վաշինգտոնում տեղեկացրել էին, որ խորհրդակցում են Կիեւի եւ այլ դաշնակիցների հետ այս հաշվով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել հարված հասցնել հյուսիսկորեացի զինվորներին, եթե նրանք հատեն ուկրաինական սահմանը։

Մինչ այդ Financial Times-ը գրել էր, որ հյուսիսկորեական զորքի ուղարկումը Ռուսաստան դժգոհություն է առաջացրել Չինաստանում։ Դա արտահայտվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պաշտոնական հեռագրում, որում նա, շնորհակալություն հայտնելով Կիմ Չեն Ընին Չինաստանի Կոմկուսի 75-ամյակի առիթով շնորհավորանքի համար, բաց էր թողել մշտապես օգտագործվող «բարեկամական հարեւան երկիր» արտահայտությունը։

Դրանից հետո Սի Ծինփինը ժամանել էր Կազան, ԲՐԻԿՍ գագաթաժողովին, որտեղ հայնել էր ուկրաինական հակամարտությունում «կրակին յուղ լցնելուց» հրաժարվելու անհրաժեշտության եւ  երրորդ երկրների ներգրավումը թույլ չտալու մասին։