
Մենք պատրաստ ենք հանդիպել ռուսների հետ, բայց ցանկալի է՝ եռակողմ ձևաչափով։ Ըստ УНИАН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան որևէ պայմանավորվածություն չունի ռուսների հետ, բայց Թրամփի հետ համաձայնություն եղել է, և նա այսօր միակն է, ով, Զելենսկիի կարծիքով, կարող է «կասեցնել Պուտինին»։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ առանց Միացյալ Նահանգների Եվրոպան Ուկրաինային չի տա բոլոր այն հնարավորությունները, որոնք ինքն է ընդունակ տալու։
«Ըստ իս, երբ Թրամփը համաձայնեց, որ Միացյալ Նահանգները մասնակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, դա հաջողություն էր Եվրոպայի համար։ Որովհետև Ուկրաինային երաշխիքներ են պետք, բայց Եվրոպան առանց Ամերիկայի, տարբեր պատճառներով, մեզ չի տա բոլոր այն հնարավորությունները, որոնք ինքն է ընդունակ տալ։ Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվի դա, բայց դա ավելի լավ է, քան մեկ կամ երկու շաբաթ առաջ էր»,- նշել է նա։
Զելենսկին շեշտել է, որ չնայած ամբողջ գործընթացը դեռևս վաղ փուլում է, Միացյալ Նահանգների կողմից նման ազդանշանը շատ կարևոր էր։