ԱՄՆ-ը առաջ է անցել Չինաստանից որպես Գերմանիայ...

Գերմանիայի վիճակագրական վարչության նախնական տվյալներով՝ ԱՄՆ-ը առաջ է անցել Չինաստանից որպես Գերմանիայի խոշոր առեւտրային գործընկեր 2024թ. առաջին կեսին, քանի որ Պեկինից կախումը թուլացնելու Բեռլինի ձգտումը ուժ է հավաքում։

Reuters-ի հաշվարկներով՝ գերմանական ներմուծման եւ արտահանման ծավալները աշխարհի ամենամեծ տնտեսությունում հունվար-հունիսին կազմել են մոտ 127 մլրդ եվրո (139 մլրդ դոլար), մինչդեռ Չինաստանի համար այդ ցուցանիշը կազմել է 122 մլրդ եվրո։ ԱՄՆ-ն արդեն Չինաստանից առաջ էր անցել առաջին եռամսյակում։

Այս տեղաշարժը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերմանիան հայտնել է, որ ցանկանում է կրճատել Չինաստանի ներկայությունը՝ վկայակոչելով քաղաքական տարաձայնությունները եւ Պեկինին մեղադրելով «անբարեխիղճ գործունեության» մեջ։

Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատի (DIHK) արտաքին առեւտրի գծով փորձագետ Լոլա Մահլյայդտը Reuters գործակալությանն ասել է, որ ԱՄՆ տնտեսության կայունությունն օգնել է ավելացնել արտահանումը Գերմանիա։

ԱՄՆ-ում Գերմանիայի արտահանումը վեց ամսում ավելացել է 3,3 տոկոսով եւ կազմել մոտ 81 մլրդ եվրո, Չինաստանի հետ կրճատվել է մոտ 3 տոկոսով եւ կազմել 48 մլրդ եվրո։ Ներմուծումը Չինաստանից կրճատվել է 8 տոկոսով՝ 73,5 մլրդ եվրո, ներմուծումն ԱՄՆ-ից կրճատվել է 3,4 տոկոսով՝ 46,1 մլրդ եվրո, ինչին նպաստել են էներգակիրների մատակարարումները։

«Հաշվի առնելով ընթացիկ աշխարհաքաղաքական անորոշությունը ոչ միայն ԱՄՆ-ում եւ Չինաստանում, այլեւ այստեղ՝ Գերմանիայում, դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա քիթ քթի մրցակցությունը»,- ասել է Մահլյայդտը։