Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների պատվիրակությունը հուլիսի 3-ին ժամանել է Թայվան։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդել է կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը: Գերատեսչության տվյալներով`պատվիրակությունը գլխավորում է Օկլահոմայից կոնգրեսական Քևին Հերնը։
Այցը կշարունակվի մինչև հուլիսի 7-ը։ Դրա ընթացքում պատվիրակությանը կընդունի Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը, կոնգրեսականները կհանդիպեն նաև նրա տեղակալի, Թայվանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և իշխանության այլ մարմինների ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ։
Հունիսի 27-ից մինչև 29-ը Թայվանում էր գտնվում Ներկայացուցիչների պալատի մեկ այլ պատվիրակություն՝ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ հանրապետական Մայք Ռոջերսի գլխավորությամբ։ Այն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ վերջին տարիների ամենամեծ պատվիրակություններից մեկն էր՝ բաղկացած ինը կոնգրեսականներից։ Նրանք կղզու ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, առևտրի, ներդրումների և այլ հարցեր։
Թայվանը կառավարում է սեփական վարչակազմը 1949 թվականից, երբ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո Գոմինդանի ուժերի մի մասը փախավ կղզի՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ։ Այդ ժամանակից ի վեր Թայվանը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ խորհրդանիշներ, որ մայրցամաքում գոյություն են ունեցել մինչև կոմունիստների իշխանության գալը: Պեկինը Թայվանը համարում է ՉԺՀ-ի նահանգներից մեկը: