Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը սկսել է նկատելիորեն կրճատվել։ Այնտեղ եւս արտակարգ դրության ռեժիմը պահպանվում է, սակայն շատ սահմանափակումներ կամ վերանայվում են, կամ մեղմացվում։ Ինչպես դեռ համավարակի սկզբից էին կանխատեսում վերլուծաբանները, համավարակային դրության մեղմացումը, սակայն չի նշանակելու, թե ամեն բան հաղթահարված է։
Ինչպես մեզ մոտ՝ Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում մարդիկ դժգոհ են համաճարակային իրավիճակում ճգնաժամային կառավարումից։ Բացի այդ, համավարակի բերած տնտեսական ճգնաժամը ավելի ու ավելի է զգացնել տալիս իրեն։ Սա ինչ խոսք, հիմնավորում է մասնագետների այն կանխատեսումը, որ համավարակը նաեւ քաղաքական ճգնաժամ է բերելու շատ երկրներում։ Այն, որ Ադրբեջանում բավական բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակ է, որը կարող է ցանկացած պահի վերաճել քաղաքական խորը դիմակայության, գրել ենք բազմիցս։
Նույնիսկ հուլիսյան սրացումը հայ-ադրբեջանական սահմանին չօգնեց Ալիեւի ռեժիմին ուշադրություն շեղել, եւ ֆիասկոն, որը ապրեց Ալիեւի վարչակազմը այդ արկածախնդրությամբ, ավելի խորացրեց խնդիրները։ Մեղմ ասած գալու է մի կետ, երբ մարդիկ արդեն փողոցներում բարձրաձայն պահանջելու են պատասխան ամեն ինչի համար։ Թերեւս սա զգալով է, որ Իլհամ Ալիեւը նոր «բեմականացում» է սկսել։ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունից, եւ այլ երկրներում ադրբեջանցի դիվանագետներին լրտեսներ որակելուց հետո, հերթը պետական ընկերություններինն է, ու մինչ ադրբեջանական պառլամենտում արձանագրում են, որ ադրբեջանական բիզնեսը կատաստրոֆիկ վիճակում է, Ալիեւը քննադատում է պետական ընկերությունների ֆինանսական քաղաքականությունը, տպավորություն ստեղծելով, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական ու ֆինանսական դժվարությունների հիմնական մեղավորը նրանք են։
Այս քննադատությունները, սակայն երկակի արդյունք են ապահովելու իշխող ընտանիքին։ Սպասվող հնարավոր հուզումներին ընդառաջ, Իլհամ Ալիեւը փորձելու է էլ ավելի կենտրոնացնելու պետական ընկերությունների կառավարման համակարգը, ասել է, թե, ավելի խիստ վերահսկողության տակ է առնելու երկրում շրջանառվող դրամական միջոցները։ Մյուս կողմից, նա փորձելու է հերթական անգամ ջրից չոր դուրս գալ, ու ցույց տալ, որ «բարի թագավորը» չէ մեղավոր, այլ «չար բոյարները»։
Իրականում, սակայն, ինչպես այդ մասին նաեւ ադրբեջանցի փորձագետներն են նշում, այն համակարգը, որը ձեւավորվել եւ տարիներով գործել է Ադրբեջանում, այնքան էլ դյուրին չէ փոխելը։ Տնտեսագետները կարծում են, որ օրինակ ստեղծված վիճակում կարող է փրկօղակ լինել պետական ընկերությունների մասնավորեցումը կամ էլ մասնավոր ներդրողների առաջ այդ ընկերությունների հանդեպ հասանելիության ապահովումը։ Այլապես, կոլապսը, որի սաղմերը արդեն կան Ադրբեջանի էկոնոմիկայում, ավելի ու ավելի առարկայական է դառնալու։



