Ադրբեջանի դեսպանը հայտնել է Ղարաբաղում գլխավո...

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ-ն ցանկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։

«Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը  ավելի վաղ հայտնել էր, որ շուտով կսկսվի Խանքենդիում (Ադրբեջանում այսպես են անվանում հայկական Ստեփանակերտը- խմբ.) ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստությունը։ Կա՞ արդյոք կողմնորոշում, թե երբ կբացվի ռուսական գլխավոր հյուպատոսությունը Ղարաբաղում»,- հարցրել է նրան ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Ռուսաստանի Դաշնությունը ցանկություն է հայտնել հյուպատոսություն բացել, որովհետեւ մենք Ռուսաստանում երկու հյուպատոսություն ունենք՝ Եկատերինբուրգում եւ Սանկ Պետերբուրգում։ Հաշվի առնելով Ռուսաստանի չափերը եւ ադրբեջանցիների թիվը ձեր երկրում, դա բնական է։ Իսկ ահա Ադրբեջանում հյուպատոսությունների աշխատանքի դաշտն ավելի սահմանափակ է։ Բայց եւ այնպես, աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում է, առաջարկվում են տարբերակներ։ Այդ հարցը քննարկման փուլում է»,- մեջբերել է ՏԱՍՍ-ը Բյուլբյուլօղլիին։

Ավելի ուշ Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական haqqin.az գործակալության հարցազրույցում հայտնել է, որ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը «խեղաթյուրել» է իր խոսքերը Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման համատեքստում։

«Ես չեմ ասել, որ Ղարաբաղում կարող է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հայտնվել։ Ես ասել եմ, որ այդ հարցը քննարկման փուլում է»,- հայտնել է նա։

Ո՞րն է «կարող է հայտնվել» եւ «գտնվում է քննարկման փուլում» ձեւակերպումների տարբերությունը՝ խիստ գաղտնիք է մնում։