Ադրբեջանական բենզինը Հայաստանում մինչև 90 դրա...

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Ադրբեջանից ներմուծվող բենզինը Հայաստանում վաճառվելու է որպես պրեմիում դասի վառելիք՝ 430 դրամ գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մինչդեռ շուկայում նման տեսակի բենզինի գինը նախկինում կազմել է միջինում 500–520 դրամ։ Այսպիսով, նոր ներմուծվող վառելիքը կվաճառվի մինչև 90 դրամով ավելի մատչելի գնով»,-նշել է նա:

Պապոյանը ասել է, որ  հանրային քննարկումներում որոշ քաղաքացիներ հայտարարել են, որ չեն պատրաստվում ձեռք բերել տվյալ բենզինը՝ անկախ դրա գնից։ «Քաղաքացիներն ազատ են իրենց ընտրության մեջ և ինքնուրույն են որոշում, թե որ աղբյուրից և ինչ տեսակի վառելիք օգտագործեն։ Կառավարության հիմնական խնդիրը շուկայում բազմազանության ապահովումն է, անխափան մատակարարման երթուղիների ստեղծումը, ինչպես նաև վառելիքի որակի և քանակի նկատմամբ վերահսկողության իրականացումը, որպեսզի սպառողները չխաբվեն։ Պետությունը սահմանափակվում է վերահսկողական և կարգավորիչ գործառույթներով, մինչդեռ շուկայական ընտրությունը մնում է քաղաքացիների հայեցողությանը»,- ավելացրել է նախարարը: