Հարցման մասնակիցների 9,8 տոկոսը նշել է, որ միանշանակ չի մասնակցելու առաջիկա հնարավոր արտահերթ ընտրություններին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24–ին, մամուլի ասուլիսում նշեց «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման անդամ Արամ Գ. Սարգսյանը։
10,7 տոկոսը հարցին պատասխանել է «հիմնականում ոչ», 52.5 տոկոսը նշել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին,17.6 տոկոսը պատասխանել է՝ «հիմնականում այո», չի կողմնորոշվել 9% է։
«Հաջորդ հարցը քաղաքական ուժերի և անհատների վերաբերյալ գնահատականներն են և պարզվում է, որ 38-40 տոկոսը չի կողմնորոշվել։ Դա նշանակում է, որ այսօր քաղաքական ուժերը ունեն մեծագույն խնդիր բացատրելու իրենց այլընտրանքային մոտեցումները այս քաղաքականությանը, որը մենք, ի դեպ, պատրաստվում ենք անել հունվարի կեսերից հետո։
Մենք ներկայացնելու ենք մեր պատկերացումները, հատկապես արտաքին քաղաքականության և նաև անվտանգության համակարգի հետ կապված։
Այս հարցումը մեզ հուշում է, որ մեր ժողովուրդը սպասում է կոնկրետ հարցադրումներ, թե ի՞նչ եք դուք անելու։ Հասկացանք՝ սրանք ինչ են անում, իսկ դուք ինչպե՞ս եք վարվելու, դուք ո՞նց եք դուրս բերելու երկիրը այս վիճակից։
Չկողմնորոշվածների հետ կապված, մենք փորձ արեցինք հարցնել ու հասկանալ, թե ո՞ր քաղաքական ուժերի միավորումը իրենց կգոհացնի։ Այստեղ էլ է խայթաբղետ իրավիճակ, այսինքն էլի նորից 50%-ից ավելին չի էլ պատկերացնում, թե որ ուժերի միավորումը կարող էր այսպիսի իրավիճակում ճիշտ գործել։ Այսինքն իրենք չեն տեսնում նաև ձգտումը քաղաքական ուժերի միավորվելու և դրանից ելնելով այսպիսի անորոշության մեջ են»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա տեղեկացրեց, որ հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1–ից 10–ը՝ 500 անձանց շրջանում։



