
Պետությունն առաջիկա 5 տարում իրականացվելիք մի շարք միջոցառումների արդյունքում նախատեսում է Հայաստանում ունենալ օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ ու ճշգրիտ տվյալներ:
ՀՀ կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը:
«2024 թվականին մենք երկու դիտակայան ենք ձեռք բերել բյուջետային ֆինանսավորմամբ: Դրանք Երևանում տեղադրման փուլում են գտնվում: Ըստ ներկայացվող նախագծի՝ առաջիկա 5 տարում մենք Հայաստանում պետք է օդի 14 անշարժ աղտոտվածության մոնիթորինգի կայաններ ձեռք բերենք: Երևանում անհրաժեշտ է 6 դիտակայան, որից 2–ը ունենք, 3–ի շուրջ մեր միջազգային գործընկերների հետ հիմա աշխատում ենք: Հույս ունեմ՝ 2026–ի սկզբին արդեն ևս 3–ը ձեռք կբերենք: Երևանի համար կմնա 1–ը: Եվս 2 շարժական դիտակայան պետք է ձեռք բերենք, որը որևէ արտակարգ դրության դեպքում կտեղակայվի այդ հատվածում և մոնիթորինգ իրականացնի»,– ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Պետությունը կիրականացնի նաև քիմիական լաբորատորիայի վերազինում, որի օգնությամբ ձեռք կբերվեն օրգանական աղտոտիչների կամ փոշու մեջ ծանր մետաղների առկայության չափի ավելի ճշգրիտ տվյալներ:
Ծրագրի հաջորդ կետը ռեֆերենս լաբորատորիայի հիմնումն է, որը հնարավորություն կտա հասկանալ մոնիթորինգի համակարգի գործիքների ճշգրտությունը:
«Նաև օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգանք: Մասնավորապես, շինհրապարակումներում և հանքարդյունաբերության ոլորտի տնտեսավարողների մոտ փոշեճնշիչ սարքավորումների կարգավորման պահանջը կմտցնենք: Տնտեսավարողները գործունեության ընթացքում պարտավոր կլինեն դա օգտագործել, որի արդյունքում փոշու արտանետման նվազում կունենանք»,–ասաց Սիմիդյանը:
Ներկայացված միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև Երևանում մեծացնել կանաչ տարածքները: Նախարարի խոսքով՝ այժմ Երևանում:շուրջ 41 հեկտար նոր կանաչ տարածքների հիմնման անհրաժեշտություն կա: