75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Ար...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող եւ Քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող, անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, ով չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), եւ մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավորի համար, որ Նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի՝ պատգամավորը 75 մլն դրամով (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար) առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։

Բացի այս տներից, 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։

Բայց սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Tesla մակնիշի էլեկտրոմոբիլ, որի շուկայական արժեքը տատանվում է 15-22 մլն դրամ եւ ավելիի միջակայքում։

Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 900 հազար դրամ, 450 եվրո, 46 դոլար։

Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին՝ տարեսկզբի համեմատ, ավելացել է 2 մլն դրամով՝ դառնալով 3 մլն դրամ։

Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 491 հազար դրամ, որից 10 մլն 20 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, 392 հազարը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 2 մլն 63 հազարը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է, իսկ 1 մլն 15 հազարը «Ամերիաբանկից» «այլ եկամուտ» է։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 470 հազար դրամ, որը նոր կառուցվող բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։

Մինչ պատգամավոր դառնալը Թորոսյանն ուներ 1 անհատական բնակելի տուն, 2 տրանսպորտային միջոց։ 2018 թվականի պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1 մլն 700 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 418 հազար դրամ։

Այսպիսով՝ հեղափոխական իշխանությունները, կոռուպցիան մերժելով, թաղվել են հարստության, հաջողության եւ ունեցվածքի մեջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: