5 միլիոնով տա՞լ, թե՞ 56 միլիոնով փրկել. իրակա...

«Առաջ» կուսակցության անդամ Հովիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«5 միլիոնով տա՞լ, թե՞ 56 միլիոնով փրկել. իրական բանակցության գինը.
Մինչ շատերը փորձում են Ջեյ Դի Վենս-ի հայտարարություններից «թարգմանել» 5 միլիարդը ներդրում է, թե պետական պարտք, արժե հիշել՝ ինչպես է իրականում պաշտպանել պետական շահը կոնկրետ օրինակով։
2000-ականների սկզբին Երևանի «Մարս» գործարան-ը կանգնած էր սնանկացման եզրին։ Առաջարկ կար աշխատակիցների և տարբեր ներդրողների կողմից՝ ամբողջ գործարանը վաճառել ընդամենը 5 միլիոն դոլարով։ Այո՛, 100% բաժնետոմսերը՝ մինչև 5 միլիոն դոլարով։
Ռուսական կողմի հետ բանակցության արդյունքում կնքվեց գործարք 56 միլիոն դոլար արժեքով, որի արդյունքում գործարանում կատարելագործվեցին արտադրական պրոցեսները և այն դարձավ Հայաստանի տարածքում մեկ հարկի տակ գտնվող ամենամեծ արտադրական միավորը։ Տարբերությունն ակնհայտ է՝ 5 և 56։ Սա արդեն պարզապես վաճառք չէր, սա բանակցություն էր՝ ի օգուտ պետական շահի։
Ավելին՝ երբ նույն ակտիվը և ևս 3 ակտիվներ միասին՝ «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն «Գույք պարտքի դիմաց» գործընթացում առաջարկվեց մասնավորեցնել 100 միլիոն դոլարով, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների շրջանակները պատասխանեցին, որ նույնիսկ 20 միլիոն դոլարով պատրաստ չեն մտնել գործարքի մեջ։ Իսկ փաստացի արդյունքը եղավ այն, որ միայն Երևանի «Մարս» գործարանը մասնավորեցվեց 56 միլիոն դոլարով։
Եվ ամենակարևորը՝ այս գործարքից հետո որևէ եվրոպական կամ ամերիկյան կառույց երբևէ հարց չի բարձրացրել «Գույք պարտքի դիմաց» գործընթացի իրավաչափության մասին։
Հատկանշական է արձանագրել, որ 90-ականներին սեփականաշնորման ժամանակ ոչ մի գործարան չի մասնավորեցվել նման գումարներով։
Սա մեկն է բազմաթիվ օրինակներից, երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին պետական շահը ոչ թե հնչեցվում էր ճառերով, այլ պաշտպանվում էր թվերով։

Հ․Հ․ (հետ հարցադրում)․
արդյունավե՞տ էր այս գործարքը ՀՀ-ի համար, թե՞ ոչ․ պատասխանն ակնհայտ է․վերոնշյալ գործարանը կարող էր 5 միլիոն դոլարով մասնավորեցվել, և այնուհետև փորձել ևս 51 միլիոն դոլար հայթայթել այլ ուղիներից պետական պարտքը մարելու համար, փոխարենը գործարանը մասնավորեցվեց 56 մլն դոլարով՝ պետական պարտքը նվազեցնելով 51մլն դոլարով ։
Պատմությունը կարելի է խեղաթյուրել, իսկ փաստացի թվերը՝ ոչ»,- գրել է նա: