Հայաստանում ձևավորվել է դեմոգրաֆիական կայուն բացասական միտում, որը վաղուց դուրս է եկել սոցիալական քաղաքականության շրջանակներից և դարձել ազգային անվտանգության հարց։ Ծնելիության մակարդակը շարունակաբար զիջում է մահացությանը, իսկ նույնիսկ արտագաղթի լիարժեք դադարեցման պարագայում առաջիկա տասնամյակում բնակչության աճը կարող է կազմել ընդամենը շուրջ 100 հազար մարդ։ Այս դինամիկան երկարաժամկետ հեռանկարում սպառնում է երկրի տնտեսական վերարտադրությանը, աշխատուժի ծավալին և պետական ինստիտուտների կայունությանը։
Գործող քաղաքականությունը հիմնականում սահմանափակվում է հատվածական սոցիալական աջակցությամբ, որը չի փոխում ծնելիության վերաբերյալ վարքագծային որոշումները։ Դեմոգրաֆիական ճգնաժամը պահանջում է ոչ թե հռետորաբանություն, այլ կառուցվածքային խթաններ՝ ուղղված ընտանիքի տնտեսական հաշվարկի փոփոխմանը։
Այս համատեքստում համակարգային է Հայկական ճանապարհ կուսակցությունի ղեկավար Նարեկ Մանուկյանի առաջարկը՝ եկամտահարկի աստիճանական նվազեցում երեխա ունեցող մայրերի համար։ Առաջարկվող մոդելը նախատեսում է հարկային բեռի նվազում յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև չորս և ավելի երեխա ունեցող մայրերի լիակատար ազատում եկամտահարկից։
Առաջարկի քաղաքագիտական արժեքը երկակի է։ Նախ՝ այն ծնելիության խթանումը կապում է աշխատանքի հետ՝ կանխելով մայրերի ինստիտուցիոնալ դուրսմղումը աշխատաշուկայից։ Երկրորդ՝ այն ձևավորում է կանխատեսելի և երկարաժամկետ պետական պարտավորություն, որը վերածվում է վստահության ինստիտուտի՝ պետություն–քաղաքացի հարաբերություններում։
Դեմոգրաֆիական քաղաքականության արդյունավետությունը չափվում է ոչ թե հայտարարություններով, այլ վարքագծի փոփոխությամբ։ Հարկային խթանների այս մոդելը հենց այդպիսի գործիք է՝ ուղղված ոչ միայն սոցիալական աջակցության, այլ ազգային վերարտադրության խնդրի լուծմանը։



