Առաջիկայում կունենանք օդերևութաբանական պայման...
Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, այսինքն՝ այդ ընթացքում Հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, «Արմենպրես» -ի մամուլի սրահում ասաց  ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հայտնեց, որ ապրիլի 10-12-13-ին տեղումները կլինեն զգալի և՝ հանրապետության առանձին հատվածներում քամու ուժգնությամբ , որտեղ պոռթկումները կհասնեն մինչև 14մ/վ արագության։

Սուրենյանը նշեց, որ լեռնային շրջաններում նաև սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

«Ապրիլի 14-16-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն։ Հյուսիս-արևելյան ցուրտ հոսանքները կնահանջեն և ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն Մերձավոր Արևելքից ներթափանցող մերձարևադարձային տաք հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։

Ապրիլի 13-ին հանրապետությունում կարձանագրվի օդի ջերմաստիճանի 5-7 աստիճան նվազում՝ ցերեկը և գիշերը, իսկ ապրիլի 15-18-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։

Ապրիլի 17-18-ը ընկած ժամանակահատվածում,  հանրապետության լեռնային շրջաններում կունենանք մինչև 15 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում 18-20 աստիճան տաքություն, իսկ Արարատյան դաշտում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի 20-22 աստիճանի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։