Պարոն Ծառուկյանի կարծիքը չգիտեմ, թե որտեղից է, բայց եթե Ռոբերտ Քոչարյանին հոգնած մարդ են համարում, ակտիվ քաղաքական գործիչն ո՞վ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
«Ես չգիտեմ, չեմ ուզում նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտի մյուս խաղացողների վերաբերյալ ինչ-որ բան ասել, բայց ընդամենը հորդոր կուղղեմ իրենց, գլխավոր խնդիրը այս իշխանությունից ազատվելն է, մի փորձեք մրցակից կամ թիրախ մեզ սարքել:
Այդպես որ նայենք, բոլոր ուժերի համար «Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը անհասկանալի ձևով թիրախ են: Իշխանության համար հասկանում եմ, թիրախ ենք, որովհետև գաղափարական տեսակետից, անցած ճանապարհից և անձանցից վախենում են, գիշերները երազ են տեսնում, որ հնարավոր է Դաշնակցությունը գա իշխանության, բայց կհորդորեմ, որ ընդդիմությունը չանի այդ բանը, ընդդիմադիր դաշտում ունենք մի թիրախ՝ դա իշխանությունն է, ու այն չպետք է վերարտադրվի»,- նշել է նա:
Անդրադառնալով հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանը չլիներ, շանսերը ավելի մեծ կլինեի՞ն անցնելու, ու նա խանգարում է՝ օգնելով Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել, Մինասյանը պատասխանեց, որ դա հերթական ձևերից է. «Նույնիսկ եթե իրենք այդպես են մտածում, ու արդեն ձևավորված դաշինքը կա, դուք ինչու՞ եք դաշինքին հարվածում, թեև հարց է, այդ պնդումը ճշմարիտ է, թե ոչ»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը ասել էր, որ եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ապա չեն միանալու, հավելել, որ չի ցանկանում հին ու ներկա ուժերի հետ կոալիցիա կազմել։



