Մեծ Բրիտանիայի Առևտրային ծովային գործողությունների վարչության տվյալներով՝ Հորմուզի նեղուցում, Պարսից և Օմանի ծոցերում ընդհանուր սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ կրիտիկական։
Վարչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցել են ընդամենը չորս առևտրային բեռնատար նավ և երկու լցանավ։ Նշվում է, որ չնայած վերջին 48 ժամվա ընթացքում որևէ հարձակում չի գրանցվել, ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը դեռևս չի հանգեցրել երթևեկության զգալի աճի։
Իրանը պահանջում է, որ բոլոր տարանցիկ փոխադրումները նախապես համաձայնեցվեն իր զինված ուժերի հետ, և որ նավերը հետևեն իշխանությունների սահմանած երթուղիներին։
CNBC-ի տվյալներով՝ ԱՄԷ-ի արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարար Սուլթան Ալ Ջաբերը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է գործնականում փակ, և այդ ջրային ճանապարհով անցումը կախված է Իրանի «պայմաններից ու քաղաքական ազդեցությունից»։
Մի քանի բեռնափոխադրող ընկերության ղեկավարներ CNN-ին հայտնել են, որ հրադադարի շուրջ անորոշությունը շարունակում է չափազանց ռիսկային դարձնել նեղուցով տարանցումը, որը դարձյալ Իրանի վերահսկողության տակ է։



