«168 ժամ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխող քաղաքական թիմն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Սա, իհարկե, կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրենից բացի՝ որևէ այլ դեմք չի հանդուրժում, այլ, որովհետև գործնականում, նրանից բացի, իշխանությունը չունի այլ դեմքեր ընդհանրապես։
Նրանք այլևս օգտագործված ու ժամկետանց ուսապարկեր են, և հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է գտնի նորերին։ Այն տեխնիկական տարբերությամբ, որ նրա նոր քաղաքական թիմը բաղկացած կլինի ոչ թե ուսապարկերից, որով մինչև իշխանության գալը շրջում էր Նիկոլ Փաշինյանը, այլ զրահաբաճկոններից, որով նա շրջում է հիմա՝ արդեն իշխանություն ունեցողի կարգավիճակում։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք են զրահաբաճկոններ ոչ միայն՝ որպես իր կողմից ամենաշատն օգտագործվող աքսեսուարի իդենտիկության նշան, այլ նաև բովանդակային իմաստով․ նրան անհրաժեշտ են մահապարտներ, ովքեր իրեն կպաշտպանեն քաղաքական հակառակորդներից ու քաղաքացիներից, այնպես, ինչպես իր կարծիքով՝ պաշտպանում է հագուստի տակից այդքան աչք ծակող զրահաբաճկոնը։
Նրանք ամեն ինչ պետք է անեն՝ ապացուցելու համար, որ Հայաստանի քաղաքական և, ոչ միայն՝ քաղաքական կյանքում Ալիևի ու Էրդողանի առնվազն միջնորդավորված ներկայությունն ավելի գերադասելի է, քան «նախկինների» ներկայությունը։ Իհարկե, անհեթեթ է հնչում, բայց Հայաստանում ամեն ինչի ու հատկապես իշխանության հիմքում վաղուց ընկած է ոչ թե բանականությունը, այլ անհեթեթությունը, որի տարածմամբ էլ առաջիկա երեք ամիսներին զբաղվելու են մի խումբ զրահաբաճկոններ՝ իրենց փրկչադավաճանական կամ դավաճանափրկչական դեմքի գլխավորությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



