Այսօր ԱԺ-ի հերթական քառօրյա նիստին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն իր ելույթում նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 միլիարդ դրամով.«Սա մոտավորապես 90 միլիոն դոլար է, այսինքն պետական եկամուտները 2019 թվականին կլինեն առնվազն այսքանով ավել, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»: Վարչապետը նշեց, որ վերջին 9 տարիներին այս երևույթն աննախադեպ է.«Նախկինում մենք երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն այսպիսի հսկայական ծավալներով: Եվ մենք պետք է խոսեք այն մասին, թե ինչ ենք պատրաստվում անել այդ հավելյալ գումարներով»:
Վարչապետը նշեց, որ իրենք մտադրված են 2019-ի հուլիսի մեկից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը.«Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, նույն չափով բարձրացնել ՀՀ-ում կրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Սա վերաբերում է մոտավորապես 38 հազար ուսուցչի»: Փաշինյանը նկատեց, որ պատրաստվում են իրականացրել 303 կմ ավտոճանապարհների՝ տարբեր մակարդակների նորոգումներ.«Վերանորոգում, ընթացիկ նորոգում, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9-ը տարիների համար»: Փաշինյանը նշեց, որ դա չի վերաբերում Հյուսիս-Հարավին.«Սա լրիվ այլ պատմություն է»: