
Սեպտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա՝ այն ենթարկելով արտաքին զննության։
Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք:
Ավտոմեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք և կնիքվել:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան տասը ու կես կիլոգրամ քաշով:
Նշանակվել է փորձաննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: