Ամուլսարի հիմնախնդիրը շարունակում է խրված մնալ «հեղափոխական» կառավարության կոկորդում։ Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս հարցում Փաշինյանի կառավարությունը բախվելու է չափազանց բարդ ու անլուծելի թվացող խնդիրների։
Մի կողմ թողնենք դրա հետ առնչվող առարկայական եւ փաստական նյութն ու փորձենք հարցը դիտարկել արժեքային տիրույթում, ինչը, մեր համոզմամբ, շատ ավելի կարեւոր է։
Անգլիացի պատմագետ Ա. Թոյնբին իր մարտահրավեր– պատասխան հարացույցում առաջնային պլան է մղում այն հանգամանքը, որ հանրույթները մշտապես բախվում են տարատեսակ մարտահրավերների, եւ դրանց տրվող պատասխաններից է կախված տվյալ հանրույթի գոյության հետագա որակն ու ընդհանրապես շարունակականությունը։ Այսինքն՝ Ամուլսարի հիմնախնդիրը ամենեւին էլ արտասովոր հայտնություն չէ, տվյալ մարտահրավերի գոյությունն արդեն իսկ օրինաչափ է ու տրամաբանական։
Բայց եթե մարտահրավերի գոյությունը տրամաբանական է, ապա դրա լուծման մեթոդաբանությունը առնվազն հասկանալի չէ, կամ իրականում ոչ մի մեթոդաբանություն էլ չկա, գոյություն չունի։ Խնդիրը բաղկացած է բազմաթիվ ենթախնդիրներից. որեւէ կամայական խնդրի կարգավորման մեթոդաբանության համար անհրաժեշտ են հիմնարար կոնցեպտներ, իսկ դրանք էլ իրենց հերթին ի հայտ են գալիս դիսկուրսի եւ տեսակետների խմորման արդյունքում։ Բայց ինչպես տեսնում ենք, կառավարող թիմը ոչ միայն տեսակետ չունի, այլ նաեւ ընդհանրապես վախենում է տեսակետ ունենալու մտքից։ Մոտավորապես ստացվում է հետեւյալ պատկերը. կա մարտահրավեր, չկա մեթոդաբանություն, չկա կոնցեպտ, չկա տեսակետ, բայց կա վախ, որը հետապնդում է հեղափոխական թիմին։ Այսինքն՝ ոչինչ չկա, միայն վախն ու մարտահրավերն են՝ դեմ դիմաց, լուռ ու անորոշ։
Իսկ ինչի՞ց է վախենում է «հեղափոխական» կառավարությունը։ Փորձենք հասկանալ։ Պետությունը, որպես համակարգ, նաեւ հետեւանք է գոյաբանական հարցադրումների։ 16-րդ դարից սկսած՝ Արեւմտյան Եվրոպայում սաղմնավորվող ազգային պետությունների առաջնային հարցադրումը հետեւյալն էր. ինչպե՞ս կազմակերպել արդյունավետ կառավարում։ Ֆ. Բեկոնի, Թ. Հոբսի, Ջ. Լոկի եւ նրանց հաջորդող իմաստասերների քաղաքական փիլիսոփայությունը կառուցվում էր հենց այս հարցադրման շուրջ։ Հայկական միջավայրում արդյունավետ կառավարման հարցադրումը երբեւէ դիսկուրսի առարկա չի դարձել։ Բնական է, որ Օսմանյան եւ Ռուսական տիրապետությունների ներքո իր գոյությունը մի կերպ քարշ տվող էթնոկրոնական հանրույթին համանման խնդիրները չէին կարող հետաքրքրել։ Այդ իսկ պատճառով մեր միջավայրում մշտապես գերակայող դիրքեր է զբաղեցրել «ինչպես գոյություն ունենալ» հարցադրումը։
Չխորանալով հիմնախնդրի պատմական եւ փիլիսոփայական շերտերի մեջ՝ նշենք, որ 2018 թ.–ի հեղափոխությունը հայ հանրույթին հնարավորություն է տվել փոխելու իր գոյության արժեքային ռելսերն ու տեղափոխվել մշակութային առավել բարձր միջավայր։ Այսինքն՝ պետականազուրկ էթնոկրոնական միավորից փոխակերպվել պետականաստեղծ քաղաքական ազգի, որն իր առջեւ արդյունավետ կառավարման հարկադրումներ է դնում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։