Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Մոսկվայում և Մոսկվայի մարզում օտարերկրյա քաղաքացիների հաշվառման լրացուցիչ մեխանիզմների ներդրման փորձարկման մասին, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Դրա շրջանակում օտարերկրացիները պետք է գրանցվեն «մասնագիտացված բջջային հավելվածում» և ինքնուրույն ՆԳՆ-ին փոխանցեն իրենց գտնվելու վայրի մասին տվյալները։ Գեոլոկացիայի վերահսկողությունը շրջանցելու փորձի դեպքում միգրանտները կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում, ինչը նշանակում է, որ ենթակա կլինեն Ռուսաստանից արտաքսման։
Փորձարկումը կսկսվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և կտևի մինչև 2029 թվականը։ Այն կվերաբերի մայրաքաղաքային տարածաշրջան մուտք գործող բոլոր օտարերկրացիներին, որոնցից ՌԴ մուտքի արտոնագիր չի պահանջվում։ Բացառությունների ցանկում են հայտնվել անչափահասները, դիվանագետները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև Բելառուսի քաղաքացիները։ Մնացած օտարերկրացիները պետք է դիմեն «միգրացիայի, մատնահետքերի գրանցման և լուսանկարահանման ոլորտում պետական ծառայություններ ստանալու հարցերով» մարմիններին։ Այնտեղ էլ միգրանտները պետք է տեղադրեն բջջային հավելվածը և համաձայնություն տան անձնական տվյալների մշակմանը։
Օրինագիծը Պետդումայի քննարկմանն էր ներկայացրել կառավարությունը մարտի 10-ին։ Սկզբում այն փոփոխություններ էր մտցնում աշխատանքային արտոնագրերի վերաբերյալ։ Փոփոխությունները թույլ են տալիս միգրանտներին աշխատել մեկ արտոնագրով երկու տարածաշրջաններում (Մոսկվայում և Մոսկվայի մարզում կամ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում)։ Մի տարածաշրջանի գործատուները կկարողանան աշխատանքի ընդունել օտարերկրացիների, որոնք արտոնագիր են ստացել մյուսի տարածքում։ Այս տեսքով օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ մայիսի 13-ին։ Սակայն երկրորդ և երրորդ ընթերցումների ժամանակ նախաձեռնության մեջ փոփոխություններ են մտցվել հավելվածի միջոցով գեոլոկացիայի տվյալների փոխանցման վերաբերյալ։