«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ պաշտոնական վիճակագրության, հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի անկումը կազմել է 6,9 տոկոս, որը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվաքանակի 21,6 տոկոս նվազմամբ: Որքան էլ գործող իշխանությունները այս հանգամանքին փորձեցին տալ «քաղաքական» երանգ՝ կապված ընդդիմության հանրահավաքների հետ, այդուամենայնիվ, ոլորտի փորձագետները նշում են, որ դա, մեղմ ասած, անլուրջ գնահատական է:
Իրականում պատճառները բավական շատ են՝ ծանր հետևանքներով: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն արձանագրում է, որ միայն այս տարվա տասն ամսվա կտրվածքով մոտավորապես 70 հազար ռուս զբոսաշրջիկ քիչ է եկել Հայաստան, գումարած՝ Ռուսաստանից տրանսֆերտները նվազել են: «Դա ազդել է մեր հանրային սննդի ցուցանիշների, ինչպես նաև մեր մանրածախ առևտրի վրա: Բազմաթիվ փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներ արձանագրում են, որ իրենց շրջանառությունն իջել է, ռուսները նվազել են, նրանց վճարումները նվազել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը՝ հավելելով, որ հատկապես փոքր և միջին բիզնեսի վրա միանշանակ իր բացասական ազդեցությունն է թողնում ՄԻՐ քարտերի սահմանափակումը:
Օրերս էլ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ 5-ամյա վարկային պայմանավորվածություն ունի, որի շրջանակներում նախատեսվում է 100 միլիոն դոլար վարկային միջոցներ ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության մարզերում 10 զբոսաշրջային կլաստերներ հիմնել: Այսինքն, Հայաստանը հերթական պարտքի տակ է մտնելու, չնայած որ պարտքային բեռն արդեն իսկ չափազանց ծանր է Հայաստանի համար: «Մյուս տարի մոտ 800 միլիարդ լրացուցիչ պարտք ենք վերցնելու նախկին պարտքերը մարելու և նոր պարտք ձևավորելու համար: Մեր բյուջեից մոտավորապես 1,4 միլիարդ դոլար հատկացնելու ենք պետական պարտքի սպասարկման համար: Մեր պետական պարտքը բավականին ծախսատար է դարձել վերջին տարիների ընթացքում, և այդ ծախսատարությունն էլ ավելի է ավելանալու»,- մեզ հետ զրույցում ասում է Սուրեն Պարսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում