Կարմիր խաչը և Լիբանանի ԱՆ-ն հայտնել են Իսրայե...

Բեյրութի վրա Իսրայելի կողմից հասցված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 80 և վիրավորվել 200 խաղաղ բնակիչ, հայտնել է Կարմիր խաչը։

Լիբանանի Կարմիր խաչի հանձնակատար Ջորջ Քեթանեն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելական հրթիռակոծությունից հետո Բեյրութի տարբեր շրջաններից հիվանդանոցներ են տեղափոխվում մեծ թվով զոհեր և տուժածներ։

«Իրավիճակը կրիտիկական է, կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր,- նշել է նա X-ում տարածած հայտարարության մեջ,- մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մարդկանց փրկելու համար»։

Քեթանեի խոսքով՝ քաղաքի բոլոր հիվանդանոցներն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտարարվել է դոնորական արյան շտապ հավաքագրում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Լիբանանի տարբեր շրջաններին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբանանի առողջապահական գերատեսչության հաղորդագրությանը։

Լիբանանի «Ազգային լրատվական գործակալությունը» (NNA) հստակեցրել է, որ հարվածները հասցվել են Բեյրութի տարբեր շրջաններին, այդ թվում՝ կենտրոնին և ծովափին մոտ գտնվող թաղամասերին, ինչպես նաև Լիբանանի հարավի քաղաքներին ու գյուղերին, երկրի լեռնային հատվածին և արևելքում գտնվող Բեկաայի հովտին։