Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը ստացել...

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Փոխնախարարը նշել է, որ առաջարկներ է ներկայացրել ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունը, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են. դրանց մեծ մասն ընդունվել է:

Լիլյա Սիրականյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը լրամշակվել է նոր՝ «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն նախատեսող օրինագծով, որով առաջարկվում է «դատական ակտի հարկադիր կատարման մասին» բառերը փոխարինել «կատարողական վարույթի մասին» բառերով: Զեկուցողը պարզաբանել է, որ փոփոխությունը պայմանավորված է «Կատարողական վարույթի մասին» օրենքի՝ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ ուժը կորցրած լինելու հանգամանքով:

«Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկով մեկ խմբագրական փոփոխություն է կատարվել օրենքներում:

«Մաքսային ծառայության մասին» օրենքում մեկ այլ փոփոխություն վերաբերում է մաքսային ծառայողների՝ իրենց բնակության վայրից հեռավորության վրա աշխատանքի ընդունվելու դեպքում համապատասխան հատուցումներ ստանալու հնարավորությանը: Գործող կարգի համաձայն՝ եթե մաքսային ծառայողը ժամանակավոր գործուղվում է այլ աշխատանքի վայր, որն իր բնակության վայրից հեռու է, նախատեսվում են հատուցումներ՝ բնակարանային, ընտանիքի և այլն: Մինչդեռ եթե աշխատակիցն ի սկզբանե աշխատանքի է ընդունվում իր բնակության վայրից հեռու վայրում, փոխհատուցման կարգավորումները բացակայում են: Այժմ առաջարկվում է նախատեսել հատուցման կարգավորումները, իսկ կարգը կսահմանի Կառավարությունը:

Հարցերը քննարկվել են հանձնաժողովների՝ ապրիլի 8-ի նիստերում և ստացել դրական եզրակացություն: