Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների մայիսի 23-ին հրավիրված համատեղ նիստում քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։ 2021 թվականին վարած սոցիալական քաղաքականությունը ներկայացրել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:
«Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական ոլորտին է ուղղվել պետական բյուջեի 25.6 տոկոսը, ճշտված բյուջեն 25 մլրդ 865 մլն ՀՀ դրամ է, փաստացի ծախսվել է 23 մլրդ 303.9 մլն դրամ, կատարողականը՝ 90 տոկոս:
Կենսաթոշակի վճարման մասով կատարողականը 100 տոկոս էր, նպաստներինը՝ 94.6 տոկոս:
«Աջակցություն սոցիալապես անապահովներին» ծրագրով նախատեսված էր 90 մլն դրամ, փաստացի ծախսվել է 37 մլն դրամ: Նախարարը թերակատարումը հիմնավորեց այն հանգամանքով, որ 2021 թվականին գործել են սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր, ուստի այս հոդվածով նախատեսված ծախսերը լրիվությամբ չեն իրականացվել:
Ընտանիքի կարիքների գնահատման ծրագիրը իրականացվել է 50 տոկոսով, քանի որ ծրագրի մի մասը իրագործվել է բարեգործական միջոցներով ու միայն տեղահանվածների կարիքներն է գնահատվել:
2021 թվականին սոցիալական աշխատողի ինստիտուտն է ներդրվել, նախարարի խոսքով՝ գերատեսչություն մուտք գործած յուրաքանչյուր դիմումի իսկությունը ստուգվում է:
ԱՀ առողջապահության նախարարության բյուջեն 12 մլրդ 587 մլն ՀՀ դրամ էր, ճշտված բյուջեն՝ 12 մլրդ 270 մլն, կատարողականը կազմել է 72,3 տոկոս:
Նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է ծախսային հոդվածները:
«Մասնագիտացված բժշկական ծառայություններ» հոդվածով կատարողականը 85.5 տոկոս էր, հիվանդանոցային ծառայությունների կատարողականը 88.2 տոկոս էր, անհետաձգելի բժշկական օգնության կատարողականը 87.3 տոկոս էր, մոր և մանկան կենտրոնների կատարողականը 87.7 տոկոս էր: «Դեղորայքների ձեռքբերում կենտրոնացված ձևով» հոդվածով նախատեսված 768 մլն դրամի դիմաց փաստացի ծախսվել է 64.4 մլն դրամը:
«Պահանջվող դեղորայքը ձեռք է բերվել բարեգործական խողովակներով»,- հիմնավորեց նախարարը:
Արցախի ազգային վիճակագրական ծառայության բյուջեն 25,3 մլն դրամ էր, որի 96,7 տոկոսը ծախսվել է աշխատանքի վարձատրության վրա: Կատարողականը կազմել է 94.7 տոկոս: Իրականացվել է թվով 4 հետազոտություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով ու առաջարկներով: Ամփոփելով նիստը՝ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը շեշտել է, որ սոցիալական ծրագրերը պետք է լիարժեք հասնեն հասցեատերերին, ու տնտեսումը նախընտրելի չէ: