
Հայաստանյան հանրային և մեդիա դաշտում վերջին շրջանում ակնհայտ է դառնում մի վտանգավոր միտում՝ մակերեսային դիտարկումներն ու ենթադրությունները ներկայացվում են որպես լուրջ քաղաքական վերլուծություններ։ Այդպիսիք եսակենտրոն, հույզային և հաճախ մոլորեցնող վերլուծություններ են, որոնք ձևավորվում են պատրանքների հիման վրա՝ առանց իրողությունների խորքային ըմբռնման։
Օրինակ՝ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հանրահավաքով բերվել է իշխանության, և անմիջապես սկսում են պնդել, թե յուրաքանչյուր մեծ բազմություն իշխանափոխության ուղիղ ազդակ է։ Կամ տեսնում են Վրաստանում Իվանիշվիլիի միջոցով Սահակաշվիլիից ազատվել են՝ ու Հայաստանի ամեն մի գործարարի մեջ սկսում են փնտրել նոր Իվանիշվիլի, նույնիսկ եթե նա քաղաքական որևէ օրակարգ կամ հանրային դիրքորոշում երբևէ չի արտահայտել կամ դիրքորոշում արտահայտելու պարագայում չունի համապատասխան հնարավորություններ։
Սա նույնն է, ինչպես եթե մի ոմանք որոշեն տորթ թխել, բայց երբ հարցնես՝ «ախպեր ջան, ալյուր ունե՞ս, շաքարավազ կա՞, գոնե երկու ձո՞ւ ունես», ստանաս խիստ ինքնավստահ պատասխան՝ «չէ, բայց վառարան ունենք»։ Արդյունքում, դուխով բացում են վառարանը, լցնում դատարկ ձևաման ու սպասում, թե հիմա հրաշքով մի շքեղ տորթ է թխվելու։ Ցավոք, չի թխվում։ Որովհետև տորթ թխելու համար պետք է ունենաս ոչ միայն ցանկություն ու հավատ, այլև նվազագույն բաղադրիչներ՝ ալյուր, շաքարավազ, ու ամենակարևորը՝ գոնե երկու ձու։
Նույնն էլ քաղաքականության մեջ է։ Հասարակության դժգոհությունը կարևոր ազդակ է, բայց ինքը՝ դժգոհությունը, դեռ բավարար չէ համակարգային փոփոխության համար։ Անհրաժեշտ է գաղափարական բաղադրիչ, կազմակերպչական ռեսուրս, իրապես գործող թիմ և ռազմավարություն։ Առանց այս նվազագույն «բաղադրիչների», հանրահավաքները մնում են որպես հուզական արտահայտություններ, իսկ գործարարներին քաղաքական դեր բաժանելն՝ իլյուզիա։
Եվ եթե իրական տորթ է պետք՝ պետք է նախ նայես՝ ինչ ունես ձեռքի տակ։ Եթե չունես ոչ ալյուր, ոչ շաքարավազ, և ոչ էլ երկու ձու, գուցե չարժե պարզապես չձևացնել, թե բան ես թխում։
Բորիս Մուրազի