
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է 250 նոր էլեկտրական ավտոբուս ձեռք բերելու մասին, ինչը նշանակում է, որ առաջիկայում հերթական խոշոր գործարքն է կայանալու: Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսների գնումներն այդքան էլ հարթ չեն անցել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի «Արմչի» ՍՊԸ-ն գործընկերային հարաբերություններ է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ: Իսկ չինական ընկերությունը հաղթում է Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ավտոբուսներ ձեռք բերելու մրցույթներում: Այս մասին գրում է Հետք Էլեկտրոնային պարբերականը:
Պարբերականի ձեռքի տակ է հայտնվել «Ժոնգ-Թոնգ» ընկերության և «Արմչի» ՍՊԸ-ի միջև 2021թ. մարտի 26-ին ստորագրված սպասարկման պայմանագրի լուսապատճենը: «Արմչի» ՍՊԸ-ի անունից պայմանագիրը ստորագրել է Վազգեն Հարությունյանը։
«Արմչի» ՍՊԸ-ն ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ Վազգեն Հարությունյանի և չինացի Լիու Յաոդոնգի կողմից: Չինացին ընկերությունից դուրս է եղել 2022թ. հուլիսին, իսկ Վազգեն Հարությունյանը՝ 2023թ. մայիսին, այսինքն՝ այն ժամանակ, երբ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամականավոր պաշտոնակատար: Մինչև ընկերությունից դուրս գալը, Վ. Հարությունյանը եղել է նաև «Արմչի» ընկերության տնօրենը: Այժմ ընկերության միանձնյա սեփականատերն ու տնօրենը քույրն է՝ Օֆելյա Հարությունյանը:
Հետքը դիմել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին, որպեսզի հասկանա, թե ինչպես է սկսվել նրա ընկերության և «Ժոնգ-Թոնգի» համագործակցությունը: «Հետքի» հետ հեռախոսազրույցում Հարությունյանը հերքել է, որ երբևէ համագործակցել է չինական ընկերության հետ: Ավելին՝ հայտարարել է, որ եթե կա նման պայմանագիր, ուրեմն այն կեղծ է, և կդիմի իրավապահ մարմիններին:
Լրատվամիջոցը Վազգեն Հարությունյանին ուղարկել է պայմանագրի այն էջը, որտեղ դրված է իր ստորագրությունն ու «Արմչի» ՍՊԸ-ի կնիքը, ինչպես նաև՝ չինական կողմի ստորագրությունն ու կնիքը: Վազգեն Հարությունյանը դարձյալ պնդել է, որ «ուժի մեջ են կեղծ պայմանագրի հետ կապված» իր ասածները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: