Ղրղզստանն ու Ուզբեկստանը սկսել են կազմակերպչատեխնիկական աշխատանքներ իրականացնել Չոն-Գարա և Թաշ-Դոբո գյուղերի պաշտոնական փոխանակման համար։ Հիշեցնենք, որ գյուղերը նախկինում Ուզբեկստանի Ֆերգանայի մարզի մաս են կազմել։ Այս մասին հայտնում է Բատկենի մարզում Ղրղզստանի նախագահի ներկայացուցչությունը։
Օգոստոսի 3-ից համատեղ աշխատանքային խումբն սկսել է աշխատել անմիջապես գյուղերում։ Մասնագետները գրանցում են բնակիչներին և պարզաբանում հետագա փաստաթղթավորման կարգը։
Աշխատանքներն իրականացվում են ղրղզա-ուզբեկական պետական սահմանի դեմարկացիայի և հողամասերի փոխանակման շուրջ ձեռք բերված հանձնառությունների շրջանակում։
Երկու երկրների համատեղ աշխատանքային հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 24-ին Ղրղզստանի Բատկենի մարզի Կադամջայի շրջանում։ Կողմերը քննարկել են փոխանցվող տարածքների բնակիչների քաղաքացիական կարգավիճակը, վերաբնակեցման, գույքի, տնտեսական գործունեության և այլ կազմակերպչական հարցեր։
Չոն-Գարա և Տաշ-Դոբո գյուղերում հիմնականում ապրում են էթնիկ ղրղզներ։ Նախնական տվյալներով՝ երկու բնակավայրերի բնակչությունը կազմում է մոտ 2,5 հազար մարդ։ Գրանցման ավարտից հետո կսկսվի օրենսդրությամբ նախատեսված՝ բնակիչներին Ղրղզստանի քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգը։ Փոխարենը Ղրղզստանը Ուզբեկստանին կհանձնի տարածքով համարժեք հողատարածքներ։



