![Ուզբեկստանը մտադիր է միջուկային էներգետիկայի...](/imgs/posts/medium/2025/02/699c5b3.jpeg)
Ուզբեկստանում երկարաժամկետ էներգետիկ հզորությունների ստեղծման ծրագրերը, որոնք հիմնված են միջուկային արդյունաբերության վրա, քննարկվել են կառավարության նիստում՝ նախագահ Շավքաթ Միրզիյոևի գլխավորությամբ, Ինտերֆաքսի փոխանցմամբ հայտնել են ուզբեկական լրատվամիջոցները։
«Միջուկային էներգիան երկարաժամկետ էներգետիկ հզորություններ ստեղծելու համար օպտիմալ լուծում է։ Մեր երկիրը, որն ունի ուրանի սեփական պաշարներ, նախատեսում է նաև զարգացնել երկարաժամկետ էներգետիկ բազա։ Մասնավորապես, մշակվել է փոքր հզորության ռեակտորների կառուցման նախագիծ»,– ասել է Միրզիյոևը։
Նախագահը հանձնարարել է մասնագետների պատրաստման աշխատանքներ իրականացնել ապագա ԱԷԿ-ի և ընդհանուր առմամբ միջուկային արդյունաբերության համար, ինչպես նաև ապահովել անվտանգության նորմերը՝ համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջների։
2024 թվականի մայիսին Տաշքենդում պայմանագիր է ստորագրվել փոքր հզորության ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ։ Նախագծով նախատեսվում է կառուցել ԱԷԿ Ուզբեկստանի Ջիզախի մարզում՝ ռուսական նախագծի հիման վրա, որի ընդհանուր հզորությունը կլինի 330 ՄՎտ (վեց RITM-200N ռեակտոր, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 55 ՄՎտ է)։
Ուզբեկստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024 թվականին կազմել է 81.5 միլիարդ կՎտ/ժ։ Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականը երկրի էներգիայի պահանջարկը կհասնի 117 միլիարդ կՎտ/ժ-ի, իսկ 2035 թվականին՝ 135 միլիարդ կՎտ/ժ-ի։